Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպաններ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի․Լեհաստանի, Հունաստանի, մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Սյունիքում է նաև ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ։
Դիվանագետները եղել են Սև լճի հարակից տարածքում և վերադարձել Գորիս, որտեղ ճեպազրույց են տալիս լրագրողներին։
Դեսպաններին լրագրողներ չեն ուղեկցել։ Վերջին պահին լրագրողներին Արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ նրանց այցը Սև լճի տարածք արգելվում է՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության որոշումը։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որոնց հերթական փուլը նախատեսված էր մայիսի 19-ին, սակայն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ փաշինյանն ասաց՝ դեռևս 500-ից 600 ադրբեջանցի զինվորներ Հայաստանի տարաքծում են, իրադրությունը շարունակում է մնալ լարված ։