Բաքվում մեկնարկում է երկու հայ ռազմագերիների դատավարությունը

Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու մասին միջազգային կառույցներից հնչող հայտարարությունների ֆոնին Բաքվում մեկնարկում է երկու հայ ռազմագերիների դատավարությունը։ Նրանք մեղադրվում են պատերազմական, մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը Հայաստանի քաղաքացիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի մասին է։ Երկուսն էլ ձերբակալվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում նրանք ադրբեջանցի ժողովրդի դեմ ծանր հանցանքներ են գործել։

Ըստ ներկայացվող քրեական գործի, ադրբեջանական գերության մեջ գտնվող 51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանը, իբրև թե անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մաս կազմելով զինված խմբավորմանը նախ 1991 թվականին, ապա 1999 թվականին գերեվարել , խոշտանգումների է ենթարկել ադրբեջանի քաղաքացիների։ Առանց փաստերի և հիմնավորումների Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, թե Մկրտչյանը տարբեր տարիների ծեծել և խոշտանգումների է ենթարկել գերության մեջ գտնվող 11 ադրբեջանցիների։ Թե ինչպես է անցած հոկտեմբերին գերեվարված Մկրտչյանի նկատմամբ հետաքննություն անցկացվել, ովքեր են ցուցմունք տվել ավելի քան երկու տասնամյակ առաջ տեղի ունեցածի մասին, ինչ վկաներ են ներգրաված գործում, Բաքուն չի հստակեցնում։

Չհիմնավորված են նաև 54-ամյա Ալյոշա Խոսրովյանին ներկայացված մեղադրանքները։ Ընդ որում՝ անցած տարի տարբեր օրերի և տարբեր վայրերից գերեվարված Մկրտչյանն ու Խոսրովյանը, տարօրինակ զուգադիպությամբ, ըստ ադրբեջանցի իրավապահների, ադրբեջանցի գերիներին խոշտանգումների են ենթարկել միասին, նրանք, ըստ քրեական գործի, հանցակիցներ են։

Խոսրովյանը, սակայն, ի տարբերություն Մկրտչյանի ոչ թե տասնմեկ, այլ հինգ ադրբեջանցի գերիների հետ է դաժան և անմարդկային վարվել։ Նրանցից մեկին, ինչպես հաղորդում է ադրբեջանական դատախազությունը, Խոսրովյանը ստիպել է շինարարական ծանր աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առանձնատան կառուցման ընթացքում։

Մկրտչյանն ու Խոսրովյանը այսպիսով Ադրբեջանում մեղադրվում են մի շարք հոդվածներով՝ խոշտանգում, պատերազմի օրենքների խախտում, ապօրինի զինված խմբավորման ստեղծում, Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում։ Ինչպես նշվում է, սա հայ ռազմագերիներին առաջադրված մեղադրանքների ամբողջական ցուցակը չէ։

Այսօր նրանց գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան, սակայն լսումների մեկնարկի մասին առայժմ չի հաղորդվում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ երկրի քննչական մարմինները շարունակում են համալիր գործողություններ իրականացնել՝ այլ անձանց ևս պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Անցած օրերին Բաքուն հայտնել էր նաև Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարված ավելի քան վեց տասնյակ հայ պահեստազորայինների դեմ հարուցված քրեական գործերի ավարտի մասին՝ սակայն առանց հստակեցնելու նրանց առաջադրված մեղադրանքները։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները նրանց ներկայացնում են որպես «ահաբեկիչներ»։

Գերեվարված պահեստազորայիններից մի քանի հոգու Ադրբեջանի իշխանությունները անցած օրերին Հայաստան են վերադարձրել` պարզաբանելով, թե իբր հետաքննության ընթացքում նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին, որի ընթացքում ադրբեջանցի զինվորներ են զոհվել կամ վիրավորվել, չի հաստատվել։ Մնացած բոլորի նկատմամբ յուրաքանչյուրի դեպքում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, առանձին հստակ քրեական գործ է հարուցված։

Պատերազմի ավարտից ավելի քան կես տարի անց Ադրբեջանը, չնայած ստանձնած պարտավորություններին, վերադարձրել է միայն 72 գերիների, Հայկական կողմի տարբեր տվյալներով` այդ երկրում դեռ գերության մեջ են գտնվում շուրջ 200 -ը։ Մինչդեռ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել, ինչպես պնդում է, բոլոր պահվող ադրբեջանցիներին, նույնիսկ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։