Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հետ, նրան ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այս պահին:
Նասրուլլո Մախմուդզոդան, ըստ Հայաստանի ԱԽ գրասենյակի, կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:
Արմեն Գրիգորյանը կարևորել է մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:
ՀՀ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջները որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:
Մախմուդզոդան նշել է, որ Տաջիկստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնին արդեն տրել է համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, դրանք շարունակվելու են մայիսի 19-ին:
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ նախորդ օրերի բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր, այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԽ նիստից հետո իրավիճակը ճգնաժամային որակեց՝ նշելով, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ․ - «Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»։