Բաքվի կողմից ուժի ցուցադրում և սահմանազատման առաջարկ

Ադրբեջանական զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանը ուժ է ցուցադրում և միաժամանակ առաջարկում, որ Հայաստանի հետ սահմանային իրավիճակի լարվածությունը պետք է լուծվի երկկողմ շփումներով, առանց երրորդ կողմի միջամտության։

Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել, կիրակի օրը հրապարակվել են տեսանյութեր, լուսանկարներ, թե ինչպես տարբեր ստորաբաժանումներ տեղափոխվում էին զորավարժությունների անցկացման տարածքներ։ «Ազերթաջ» պետական գործակալությունը հաղորդեց, որ ռազմական օդանավերն ու ուղղաթիռները պահեստային օդակայաններ են տեղափոխվում, տանկերն ու հրետանային համակարգերը զբաղեցնում են իրենց դիրքերը։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ եռօրյա զորավարժությունները բավականին լայնածավալ են։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված են մինչև15 հազար զինվորականներ, մինչև 300 տանկեր ու զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռային ու հրետանային մարտկոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Նշվում է, որ զորավարժություններում հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, վերախմբավորմանը, տարբեր տեսակի զորքերի՝ հետևակի, հրթիռահրետանային, ավիացիայի ու հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցությանը։ Զորավարժությունների ընթացքում «անօրինական խմբավորումների սադրանքները կանխելու» խնդիրներ են իրականացվելու, պատասխան գործողություններով ոչնչացվելու են «ահաբեկիչները»։ Զորավարժությունների այսպիսի պլան ու զորքերի մասին այսպիսի տվյալներ են հրապարակվում, բայց չի նշվում դրանց անցկացման վայրը։ Ըստ APA գործակալության՝ մայիսի 17-20-ը հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում, ներգրավվելու են տարբեր զորքերի ստորաբաժանումներ։

Պաշտպանության նախարարության կողմից ուժի այս ցուցադրության հետ մեկտեղ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ արտգործնախարարությունը նույն օրը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանային իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու և դեմիլիտացիայի գործընթացը սկսելն է․ - «Դա խաղաղության բանալին է պատերազմից դուրս եկած երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։ Դիրքորոշումների տարբերությունները կարող են քննարկվել բանակցություններում»։

Արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան լրագրողներին երեկ ասել է, թե Հայաստանի հետ սահմանային լարվածությունը պետք է լուծվի երկկողմ շփումների միջոցով՝ հիմնված կողմերի կառուցողական երկխոսության վրա։ Իսկ երրորդ երկրները, նրա կարծիքով, Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին չպետք է մտահոգություններ հայտնեն։ Մտահոգություն հայտնող երկրներին նա խորհուրդ է տվել Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին բարձրաձայնելուց առաջ հիշել, որ մինչև 2020 թվականի նոյեմբերը Ադրբեջանի տարածքներն օկուպացված էին, ու սահմանային ներկայիս լարվածությունը դրա հետևանք է, քանի որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը։

Աբդուլաևան կրկնել է արտգործնախարարության նախորդ հայտարարությունում տեղ գտած բացատրությունը, թե կլիմայական բարդ պայմանների պատճառով ադրբեջանցի սահմանապահները չէին կարողացել զբաղեցնել Սև լճի շուրջ իրենց տարածքի դիրքերը, ինչը հիմա իրականացվում է Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար։