Ադրբեջանում այսօր զորավարժություններ են սկսվում, որին մասնակցելու են տարբեր նշանակության զորքերի ստորաբաժանումներ ու միավորումներ։ Հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ, մինչև 300 տանկեր ու զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 400 հրթիռային ու հրետանային մարտկոցներ, համազարկային կրակի ռեակիվ համակարգեր, 50 միավոր ռազմական ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր։
Այսօր հրապարակված տեսանյութերում զինվորական անձնակազմն ու տեխնիկան փոխադրվում է զորավարժությունների անցկացման տարածքներ։ Կոնկրետ վայր չի նշվում, բայց ըստ «ԱՊԱ» գործակալության՝ մայիսի 17-20-ը հրամանատարա-շտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում։
Զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 20-ը։
Երեկվանից Ադրբեջանի օդուժն էր սկսել ուսումնավարժական թռիչքներ իրականացնել։