Մատչելիության հղումներ

ՊՆ. «Ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է»


Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Միաժամանակ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած «սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել»:

Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները, ըստ պաշտպանական գերատեսչության, գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։

«Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Մի քանի օր բանակցություններ են ընթանում հարցի լուծման ուղղությամբ, դրանք ընդհատվել էին երեկ, ըստ պաշտոնական տեղեկատվության` կշարունակվեն այսօր` ժամը 14։00-ին։

XS
SM
MD
LG