Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Փոխքաղաքապետն այս մասին հայտնեց «Ազատությանը»՝ հավելելով՝ այսօր բանակցությունները վերսկսվել են ժամը 14.00-ին: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները մեկնարկել են մայիսի 12-ից, դրանք ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզի՝ ադրբեջանական կողմի առաջխաղացման շուրջ են:
Հիշեցնենք` այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից: Միաժամանակ ՊՆ-ն տեղեկացրեց, որ Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած «սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել»:
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»: