Հայաստանի Ազգային ժողովն 86 «կողմ» ձայնով ընդունեց «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պահպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի մասին» հայտարարությունը: Նշվում է, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ տարածք, դեռևս մոտ 250 հոգի ՀՀ-ի տարածքում է:
Հայտարարությամբ խորհրդարանը դատապարտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, կոչ է արվում նաև միջազգային հանրությանը դատապարտել ադրբեջանական կողմի այս գործողությունները, որն սպառնում է տարածաշրջանի փխրուն խաղաղությանը:
«Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:
Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում` ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ ՀՀ ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով, ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված համարժեք բոլոր գործողություններ:
Ազգային ժողովը, որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, հայտարարում է.
Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով:
Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը», - ասված է ԱԺ հայտարարության մեջ:
Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Խորհրդարանում ելույթ ունենալով վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները կշարունակվեն վաղը` օրվա երկրորդ կեսին: