Իսրայելի ռազմական գերատեսչությամբ փոխանցմամբ, անցած գիշեր իսրայելական բանակի հրետանին ռազմաօդային ուժերին զուգահեռ մասնակցում էր Գազայի հատվածում հարձակումներին։
«Ես խոստացել եմ, որ «Համասը» շատ բարձր գին կվճարի», - երեկ տարածած տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելական պաշտոնական աղբյուրների համաձայն, անցած գիշեր տեղի է ունեցել վերջին օրերի թերևս ամենաախոշոր ռազմական գործողությունը․ 40 րոպեի ընթացքում 160 ինքնաթիռներ միաժամանակ հարձակվել են 150 թիրախների վրա։ Զուգահեռաբարար գործել են ցամաքային ուժերը։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսի խոսքով, իսրայելական զորքը այդուհանդերձ Գազայի հատված չի մտել, թեև ունի թե՛ նման ծրագիր, թե՛ հրաման։
Իսրայելական կողմի անցած գիշերվա հարձակման թիրախը ստորգենտյա թունելներն են եղել, որոնք, ինչպես պնդում է Թել Ավիվը, պաղեստինյան ուժերը օգտագործում են տեղաշարժվելու և թաքնվելու համար։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք իսրայելական բանակին հաջողվել է չեզոքացնել այդ թիրախները։
Մինչդեռ պաղեստինյան առողջապահական մարմինները հայտնում են, որ անցած գիշերվա հարձակումների հետևանքով սպանվել են մի երիտասարդ կին ու նրա երեք երեխաները։ Սահմանամերձ գոտու պաղեստինցի բնակիչներից շատերը ստիպված լքել են իրենց տները՝ ժամանակավոր ապաստանելով ՄԱԿ-ի կողմից կառավարվող դպրոցներում։
Թել Ավիվի լայնածավալ ռազմական գործողություններին ի պատասխան պաղեստինյան զինված խմբավորումները իրենց հերթին վերսկսել են Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը՝ կրակի տակ առնելով հարավային բնակավայրերը՝ Աշդոդ, Աշկելոն քաղաքները։ Գազայի հատվածի պաշտոնական տվյալներով, ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 115-ի, որոնց թվում տասնյակ երեխաներ ու կանայք։ Վիրավորների թիվը անցնում է 600-ից։
Իսրայելական կողմում սպանվել է ութ մարդ, զոհերի թվում է նաև վեցամյա երեխա։
Իսրայելի եւ Պաղեստինի միջև սկիզբ առած ռազմական այս բախումները ամենածանրն են 2014 թվականի պատերազմից ի վեր։ Իրադրությունը նախ սրվել էր Արևելյան Երուսաղեմում, երբ Իսրայելի անվտանգության ծառայությունները որոշել էին մահմեդականների սրբազան ամիս Ռամադանի ընթացքում սահմանափակել հավատացյալների մուտքը Ալ Աքսա։ Սրված իրավիճակը անկարգությունների և բախումների վերածվեց, երբ Իսրայելի դատարանը բավարարեց հրեա վերաբնակիչների հայցը, որի համաձայն մի քանի պաղեստինցի ընտանիքներ պետք է վտարվեին Արևելյան Երուսաղեմում գտնվող իրենց տներից։
Շուրջ մեկ շաբաթ շարունակվող ծանր ռազմական գործողություններն առայժմ թուլացման նախանշաններ չունեն։ Միջազգային գործընկերներին չի հաջողվում համոզել հրեա և արաբ առաջնորդներին պատերազմը փոխարինել բանակցություններով։ Ապարդյուն ջանքեր են գործադրում ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, տարածաշրջանի արաբական մի շարք երկրներ։
«Վերջին խոսքն առայժմ ասված չէ։ Այս գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի Իսրայելի պետության անվտանգությունը և հանգստությունը», - երեկ հայտարարել է Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն։
Սա Իսրայելի և իրեն Երուսաղեմի պաշտպան հռչակած «Համաս» խմբավորման միջև, որին մի շարք երկրներ համարում են ահաբեկչական կազմակերպություն, արդեն երրորդ պատերազմն է 2008 թվականից ի վեր։ Ամենաարյունալին 2014 թվականինն էր, երբ հիսունօրյա ռազմական գործողությունների ընթացքում սպանվեց 2100 պաղեստինցի և շուրջ յոթ տասնյակ իսրայելցի։
Գազայի հատվածում, ՄԱԿ-ի տվյալներով, ավերվել է կամ վնասվել 18 հազար շենք-շինություն։
Մերձավորարևելյան այս հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի, սակայն այս անգամ այն սկզբունքային մեկ առանձնահատկություն ունի՝ իսրայելական տարածքներում իսրայելցի արաբների մասնակցությամբ տեղի ունեցող անկարգությունները։ Պաշտոնական տվյալներով, Իսրայելի շուրջ 9 միլիոն բնակչության մոտ երկու միլիոնը արաբներ են՝ նրանք, ովքեր այդ տարածքում ապրել են մինչև Իսրայել պետության ստեղծումը։
Վերջին օրերի ռազմական գործողություններին զուգահեռ տեղեկություններ են ստացվում իսրայելական մի շարք քաղաքներում արաբների մասնակցությամբ տեղի ունեցող հարձակումների, հրկիզումների, անկարգությունների մասին։ Երկուշաբթի օրվանից ի վեր ձերբակալվել է այդ հարձակումների մասնակից շուրջ չորս հարյուր անձ, մեծամասնությունը՝ ազգությամբ արաբ։