Փաշինյանը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին, փոխանցում են կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում էր հայտարարել, թե Երևանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:

Երեկ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա: