Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Արա Այվազյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և խորհրդի անդամներին՝ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:
Նրանք մտքեր են փոխանակել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում էր հայտարարել, թե Երևանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:
Կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն այսօր ավելի վաղ ասել է, թե պաշտոնական Երևանը դեռ կազմակերպության քարտուղարություն պաշտոնական դիմում չի ուղարկել Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ: