Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կոչ է անում քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, վստահեցնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Շուրջ երկու օր շարունակված լռությունից հետո՝ այսօր ուշ երեկոյան առաջին անգամ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է՝ ադրբեջանական բանակն ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը, որոնք մինչ այդ անհասանելի էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, ադրբեջանական սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են մեր երկրի դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանի բնակավայրերում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ և կլիմայական պայմաններ։ Այս գործընթացն իրականացվում է սովորական ռեժիմով և պարբերաբար», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Դիվանագիտական կառույցը պնդում է, թե այդ քայլերն իրականացվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և հիմնված են քարտեզների վրա, «որոնք որոշում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը»։ Թե ինչ քարտեզների մասին է խոսքը՝ պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում, բայց փաստում է, որ «անկախացումից հետո երկու երկրները, հասկանալի պատճառներով, պետական սահման չեն ունեցել»։ «Այդ իսկ պատճառով, մենք խոսում ենք դժվարին տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջև անհամաձայնություններով», - արձանագրում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է, որ ադրբեջանական զինուժը միտումնավոր է հատել Հայաստանի սահմանը՝ որպես հիմք բերելով մտացածին ու կեղծ քարտեզներ։ Ադրբեջանական կողմի հետ մոտ երկու օր շարունակված ապարդյուն բանակցություններից հետո, երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Բաքուն հայկական կողմի այդ քայլերը որակում է «ոչ համարժեք» և «սադրիչ», ավելին՝ պնդում է, թե Երևանը օգտագործում է այս հարցը ներքաղաքական շարժառիթներով։ «Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ այս հարցը քաղաքական նպատակներով շահարկելու՝ պաշտոնական շրջանակների փորձերն անընդունելի են», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական ու ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով ընկած միջպետական սահմանի ռեժիմի իրողությունը և անհիմն չխորացնել տարածաշրջանի լարվածությունը։ Այսօրինակ դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների փոխադարձ շփումների միջոցով»։
Պաշտոնական հաղորդագրության մեջ Բաքուն հաստատում է, որ երեկվանից այդ տարածք է ուղարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը, հայկական կողմի հետ ընթանում են բանակցություններ, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ իրավիճակի կարգավորման համար։
Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ իրավիճակի հետ չի հաշտվելու։
Զարգացումներին ուշադրությամբ հետևում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։ Դատելով պաշտոնական հայտարարություններից, սակայն, երեք երկրներն առայժմ միասնական դիրքորոշում չունեն։
Ամենակոշտ հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն է տարածել։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցից հետո Էմանյուել Մակրոնը Ֆեյսբուքի իր էջում հայերենով գրել է․ - «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:
Ելիսեյան պալատն, իր հերթին, հաղորդել է, որ Փարիզը ցանկանում է խնդրի հանգուցալուծումը տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։
Վաշինգտոնն ու Մոսկվան, մինչդեռ, այս մասին որևէ ակնարկ դեռ չեն արել։ Ավելին՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, թե ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիայի չենթարկված հատվածում սրված լարվածությանը։ «Տեղյակ ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և կոչ ենք անում զսպվածությություն ցուցաբերել՝ լարվածությունը թուլացնելու և իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար», - Թվիթերի իր էջում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Ռուսաստանը ևս դեռ հրապարակավ որևէ խոսք չի ասել Հայաստանի պետական սահմանը խախտելու մասին։ Երեկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Երկուսի դեպքում էլ Մոսկվան միևնույն տեքստն է տարածել՝ կոչ անելով կողմերին հավատարիմ մնալ հրադադարին և եռակողմ ջրաչափով նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված մյուս պայմանավորվածություններին։