Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Համաձայն հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինված զինծառայողներ, մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հարակից տարածքում: Դատախազությունը հաղորդում է, որ մոտ 3-3.5 կմ առաջանալով, «նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել»:
Հաղորդվում է նաև, որ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում իրականացնել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, ինչը կասեցվել է: Երեկ էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հաղորդվում էր, որ բանակցություններ էին ընթանում այդ հատվածում: