Իսրայելը կարող է ցամաքային գործողություն սկսել

Պաղեստինցիներն իսրայելյան օդուժի հարվածից ավերված շենքի մոտ, Գազայի գոտի, 13 մայիսի, 2021թ.

Իսրայելի բանակի և պաղեստինցի զինյալների առճակատումը ժամ առ ժամ սրվում է, Պաղեստինի իշխանությունը հայտնել է, որ Գազայի գոտում սպանվել է առնվազն 83 մարդ, այդ թվում 16 երեխա:

Իսրայելի իշխանությունը հայտնել է 7 հրեաների, նրանց թվում առնվազն 1 երեխայի զոհվելու մասին:

Կան հարյուրավոր վիրավորներ, ավերվել են բազմաթիվ շենքեր: «Համասի» զինյալները հազարից ավելի հրթիռներ են արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինյալները ծանր գին են վճարելու: Համասը հրթիռակոծել է նաև Երուսաղեմի և Թել Ավիվի թաղամասերը:

Նեթանյահուն հավանաբար կարձակի ցամաքային գործողություն սկսելու հրաման, քանի որ զինուժն արդեն կուտակվում է Գազայի գոտու սահմանների մոտ:

ՑԱՀԱԼ հապավումով հայտնի Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարները հայտնել են, որ Գազայի գոտուն են մոտեցել հետևակի և դեսանտի ստորաբաժանումներ և զրահատանկային բրիգադներ:

Իսրայելի բանակի և Գազայի գոտին հսկողության տակ պահող «Համասի» զինված առճակատումն արդեն հասել է մի հանգրվանի, որից անդին լայնածավալ պատերազմ է, և չկա երաշխիք, որ այն դուրս չի գա Իսրայելի սահմաններից։ Համենայն դեպս, այսօր ամենածանր վիճակն է 2014 թվականի բախումներից հետո:

Նեթանյահուի կառավարությանն աջակցություն հայտնելու նպատակով և մեծ պատերազմի վտանգը կանխելու հույսով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայել է գործուղել իսրայելա-պաղեստինյան հարցերով օգնական տեղակալ Հադի Ամրին, ով Մերձավոր Արևելքում բանակցային աշխատանք է կատարել դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք: Ամրը պետք է հանդիպի և՛ իսրայելցի, և՛ պաղեստինցի պաշտոնյաներին:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է անդրադարձել այս հակամարտությանը՝ ասելով, որ Սպիտակ տունն ուշադրությամբ հետևում է այդ մտահոգիչ զարգացումներին:

«Ես խոսել եմ Բիբի {Բենյամին} Նեթանյահուի հետ: Հուսով եմ, որ այս ամենը հնարավորինս արագ կկարգավորվի, բայց Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, մանավանդ, երբ տարածքդ հազարավոր հրթիռների հարվածների է ենթարկվում», - ասել է Բայդենը:

Իսրայելի ղեկավարները պնդում են, որ հարցն արմատապես լուծելու համար հարկ է չեզոքացնել «Համասի» ահաբեկչական խմբերը:

«Իսրայելի քաղաքացիներ, այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում մեր ավաններում՝ անընդունելի է, մենք տեսնում ենք սինագոգներ հրկիզող, ոստիկանների վրա հարձակվող, խաղաղ և անմեղ մարդկանց վնաս պատճառող արաբ գրոհայինների։ Դա չենք կարող հանդուրժել, դա անարխիա է», - ասել է վարչապետ Նեթանյահուն և մի կարևոր թեզ ավելացրել. - «Որևէ կերպ չի կարելի արդարացնել արաբներին, ովքեր փողոցում տեսած հրեային ինքնադատաստանի են ենթարկում, բայց նույնքան անընդունելի է, երբ հրեաներն են արաբին ինքնադատաստանի ենթարկում։ Դա բարբարոսություն է, մենք չենք կարող այդպիսին լինել, մենք կվերականգնենքք կարգուկանոնը մեր ավաններում»:

Նեթանյահուն այդ ուղերձով դատապարտել է մի քանի ավաններում արաբների վրա իսրայելցիների բիրտ գրոհները:

Կոնկրետ այս առճակատումը ծագել է ապրիլի կեսին, երբ մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի մեկնարկին Իսրայելի ոստիկաններն Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիներին արգելել են Հին քաղաք մուտք գործել Շհեմի դարպասով, որն անվանում են նաև Դամասկոսի դարպաս, դրանով է անցնում Երուսաղեմի մահմեդական թաղամասեր տանող գլխավոր ճանապարհը:

Պաղեստինցիները դա ընկալել են որպես ազատ հավաքների իրավունքի սահմանափակում, հրեաներն ասել են, որ այդ քայլին են դիմում կարգուկանոնն ապահովելու համար:

Դրան են գումարվել նաև դատավարությունները, որոնց արդյունքում պաղեստինցիների ընտանիքները կարող են վտարվել և տեղ ազատել հրեա նորաբնակների ընտանիքների համար:

Այդ նյարդային գերլարված վիճակը հանգեցրել է բախումների Ալ-Ակսա մզկիթի մոտ, որը համարվում է մահմեդականների երրորդ ամենակարևոր սրբավայրը և ճակատագրական նշանակություն ունի արաբ-իսրայելյան դարավոր հակամարտությունում:

Գազայի գոտում իշխող «Համասի» առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ Երուսաղեմն այն կարմիր գիծն է, որն Իսրայելը չպետք է հատի, և եթե այնտեղ ճնշեն պաղեստինցիներին, «Համասը» դա անպատասխան չի թողնի: