35 զոհ Գազայի հատվածում, 5 զոհ Իսրայելում՝ այսպիսին են ողջ գիշեր իսրայելա-պաղետսինյան հակամարտության գոտում շարունակված հրթիռակոծությունների և օդային հարվածների հետևանքները։
Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումն անցած գիշերվա ընթացքում հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական շրջանների, այդ թվում՝ երկրի խոշորագույն քաղաք Թել-Ավիվի ուղղությամբ։ Հարվածների թիրախում է հայտնվել նաև Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը։
Պաղեստինցիների գործողություններին ի պատասխան՝ Իսրայելի Զինված ուժերը մի քանի տասնյակ օդային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում։
Պաշտոնական Երուսաղեմը պնդում է, որ գիշերային հարվածների ընթացքում սպանվել են «Համաս» շարժման հետախուզության ղեկավարները։
Հրթիռակոծություններին զուգահեռ կատաղի բախումներ են սկիզբ առել Իսրայելի՝ խառը բնակչություն ունեցող մի շարք քաղաքներում։
Կեսգիշերից հետո առավել ծանր կացություն է ստեղծվել Լոդ քաղաքում, որտեղ հրեաների և արաբների միջև տեղի ունեցած ընդհարումների հետևանքով երկու մարդ է զոհվել։
Լոդի քաղաքապետը հայտարարել է, որ իշխանություններն այլևս չեն վերահսկում իրավիճակը և խնդրել է երկրի կառավարությունից քաղաքում արտակարգ դրություն հայտարարել։