Լավրովն ընդգծում է՝ պետք է կարգավորել հետպատերազմյան հումանիտար հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

«Կողմերն ունեն ընդհանուր մոտեցում, որ կան երթուղիներ, որոնց շուրջ ամենից դյուրին է պայմանավորվելը, և առաջիկայում մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին», - այսօր Բաքվում պատասխանելով, թե ե՞րբ են սկսվելու տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքները և ի՞նչ երթուղիների մասին է խոսքը, հարցին՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովը, սակայն, ընդգծել է. «Եթե դեռ համաձայնություն չկա երթուղիների շուրջ, դժվար է խոսել ժամկետների մասին։ Այդ հարցը պետք է կարգավորել հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի»։

Լավրովը Բաքու էր ժամանել երեկ, աշխատանքային այցով: Մայսի 10-ին նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Ռուսաստանի արտգործնախարարի այցի օրը հարցազրույց էր տվել ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը և ասել, թե Զանգեզուրի միջանցքը լինելու է, առաջիկայում սկսվելու են երկաթգծի կառուցման աշխատանքները, և Ղարաբաղի խնդիրը վերջնականապես կարգավորված է: «Նման միավոր, ինչպես Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանում, այսօր չկա, իսկ նոյեմբերի 10-ի հայտարարությունը միայն հայտարարություն չէր, այլ Հայաստանի կապիտուլյացիայի ակտ», - նշել է Ալիևը։

Բայրամովն էլ այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է. «Մենք համարում ենք, որ այսօր ունիկալ իրավիճակ է, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, վերականգնել է իր սահմանի ավելին քան 398 կիլոմետրը։ Բաքուն այսօր պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ»։

Լավրովը ոչ Ալիևի, ոչ էլ Բայրամովի հետ հանդիմանն ու համատեղ մամուլի ասուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման մասին չի խոսել, բայց, օրինակ, ակնարկել էր, որ պետք է կարգավորել հետպատերազմյան բոլոր հումանիտար հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը։

Ընդ որում՝ թե՛ Ալիևի և թե՛ Բայրամովի հետ հանդիպմանը Լավրովն օգտագործել է «ռազմագերիներ» բառը, իսկ Բայրամովն այսօր ասել է, որ Ադրբեջանում լավ պայմաններում անազատության մեջ պահվող հայերը հանցագործներ են, ում Ադրբեջանը պատրաստվում է դատել։

Մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության համատեքստում Լավրովի՝ Բաքվում կայացած հանդիպումների շրջանակներում հիշատակվել է նաև Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների տրամադրման հարցը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այսօր այս կոնտեքստում «Արմենպրես»-ին ասել է. «Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնարարություններին և համամարդկային արժեքներին, Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է»:

Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում կայացած բանակցությունների հիմնական հարցը տրանսպորտային ուղիների հարցն էր, որոնց շուրջ, ինչպես երևում է հայտարարություններից, Բաքուն ու Մոսկվան համաձյանության չեն եկել։

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե երկաթուղու կառուցման հարցը նախևառաջ քննարկում է ռուսական կողմի հետ, քանի որ հայկական երկաթգիծը պատկանում է Ռուսաստանին։ Ի դեպ՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդիրը թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթակում կարգավորել է միայնակ։ Իսկ Լավրովին ընդունելիս ընդգծել էր, թե ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և Բաքուն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը։