Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ, հայտարարում է Լավրովը


Ռուսաստանը չի նվազեցնում ջանքերը ղարաբաղյան պատերազմի հետևանքով բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ՝ Երևանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ դեռ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի եռակողմ զինադադարի հայտարարությամբ նախատեսված է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց փոխանակում, բայց թե Կրեմլի ղեկավարի հեղինակած փաստաթղթի ստորագրումից կես տարի անց էլ ինչու Ադրբեջանը չի վերադարձնում, տարբեր տեղեկություններով, մոտ 200-ի հասնող հայ ռազմագերիներին, Լովրովն այսօր չանդրադարձավ։

«Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների աշխատանքի մեկնարկի ուղղությամբ։ Տարածաշրջանում իրավիճակի նորմալացման համար կարևոր ներդրում է կատարում տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսասատանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն կունենա հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածում ընդհանուր իրավիճակի նորմալացման և ստեղծագործ համագործակցության սկզբնավորման պայմանների ստեղծման համար», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովի երևանյան այցի ճի՛շտ նախօրեին, ինչպես հայտնի է, Ադրբեջանն ազատ արձակեց ևս երեք հայ ռազմագերիների, իսկ երբ Ռուսաստանի արտգործնախարարն արդեն Երևանում էր, տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով ողջունելով Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը, Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, միաժամանակ, կոչ են անում կողմերին՝ ամբողջությամբ և շուտափույթ ավարտել ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակման գործընթացը, հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:

Այսօրվա ասուլիսին Սերգեյ Լավրովն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինակի խմբին, որի աշխատանքը բնորոշեց որպես պահանջված՝ նախևառաջ փոխվստահության մթնոլորտի ձևավորման նպատակով։

«Լուծվում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը»

Երևանում Ռուսաստանի արտգործնախարարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց, թե այսօր լուծվում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը։

Լավրովի այս խոսքերը ուշադրություն են գրավում նաև այն պատճառով, որ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները՝ ներառյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների իրավական ամրագրում ներկայում չի ընթանում։

«Հիմա պետք չէ քաղաքականցնել գործընթացը, ներկայում այն բավականաչափ դժվար է առաջ գնում, որովհետև լուծվում են այս տարածաշրջանի երթուղիների, միացումների հարցերը, լուծվում են տարածաշրջանային հարաբերությունների կապակցվածությանն առնչվող հարցեր, շփման գծերի, սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը։ Սրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ է լուծել, որպեսզի տարածաշրջանը հանգիստ շունչ քաշի և կարողանա ապրել խաղաղ կյանքով», - ասաց Լավրովը։

«Ղարաբաղյան հակամարտությունն ամենևին էլ լուծված չէ»

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հիշեցրեց՝ ղարաբաղյան հակամարտությունն ամենևին էլ լուծված չէ։

«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշում այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը», - ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը։

«Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»

Այվազյանն անդրադարձավ նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի հետ տեղի ունեցածին. օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը հանել է եկեղեցու գմբեթները։

«Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը։

Լավրովը երեկ է աշխատանքային այցով ժամանել Հայաստան և բանակցություններից զատ, այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG