Վակցինաների գրանցման հեղինակային իրավունքի կիրառումը միառժամանակ կսառեցվի աշխարհում հնարավորինս արագ և մեծ քանակությամբ այդ դեղամիջոցն արտադրելու համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել առաջարկին, որով միջազգային համայնքին դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Այդ մասին Բայդենն ասել է լրագրողների հետ զրույցում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութեր արտադրողներին կոչ է արել «սառեցնել հեղինակային իրավունքը, քանի որ դրանից ավելի բարձր պետք է դասել մարդու կյանքի իրավունքը»:
Մեկ ընկերության ստեղծած դեղամիջոցի գրանցումը որևէ այլ երկրում կարող է ամիսներ, եթե ոչ տարիներ տևել, մինչդեռ, այսօր աշխարհում ծանր վիճակ է հատկապես սոցիալական առումով վատ պայմաններում գտնվող երկրներում:
Այս օրերին կորոնավիրուսային պատուհասի խորհրդանիշը դարձել է Հնդկաստանը, որտեղ վարակը չափազանց արագ է տարածվում:
Այստեղ բնակչության թիվը գերազանցում է 1 միլիարդ 360 միլիոնը, կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 21 միլիոն մարդ, միայն մեկ օրում ավելի քան 412 հազար նոր ախտահարում է գրանցվել, ընդ որում, ըստ մասնագետների, համավարակը գագաթնակետին դեռ չի էլ հասել:
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 230 հազար հիվանդ, և ակնհայտ է, որ այդ համեմատաբար փոքր թիվը չի արտահայտում իրական պատկերը հսկայական երկրում, որտեղ հարյուր միլիոնավոր մարդիկ ապրում են ենթակառուցվածքների ու բուժհիմնարկների արդյունավետության առումով թերզարգացած ավաններում և գյուղերում:
ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը հայտնել է, որ Վաշինգտոնն ամեն կերպ կնպաստի մեծ թվով երկրներում վակցինայի արտադրություն սկսելու գործին և այդ մասին հատուկ հայտարարություն է տարածել:
«Սա համաշխարհային առողջական ճգնաժամ է, COVID-19 համավարակի դեմ պայքարը պահանջում է արտակարգ միջոցներ, մեր վարչակազմը միանշանակ հավատարիմ է մտավոր սեփականությունը պաշտպանելու գաղափարին, բայց համավարակին վերջ տալու համար պետք է միառժամանակ սառեցնել որոշ դրույթների կիրառումը, մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կբանակցենք և կկազմենք փաստաթուղթ, որը կընձեռի աշխատանքն առաջ տանելու հնարավորություն:
Դա ժամանակ և ջանք կպահանջի, վարչակազմի նպատակն է հնարավորինս արագ և մեծ քանակությամբ աշխարհում ապահովել առավել արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր:
Քանի որ մեր ժողովրդի համար վակցինայի մատակարարումն արդեն երաշխավորված է, մենք կշարունակենք ավելացնել մեր ջանքերը, աշխատել մասնավոր սեկտորի հետ արտադրությունն ընդարձակելու և տարածելու ուղղությամբ, դրա համար պետք է նաև ավելացնել վակցինայի արտադրության համար անհրաժեշտ հումքը»,- ասվում է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի հայտարարությունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը «հիրավի դարակազմիկ նշանակություն կունենա կորոնավիրուսի դեմ պայքարում»:
«Ողջունում եմ ԱՄՆ-ի որոշումը: Հիմա եկեք միասին արագ շարժվենք առաջ, համերաշխ լինենք և ապավինենք COVID-19-ի դեմ փրկարար պատվաստանյութեր ստեղծած գիտնականների հնարամտությանը և նվիրվածությանը», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
Մինչդեռ, դեղամիջոցների արտադրության միջազգային ֆեդերացիան և մի շարք միջազգային միություններ քննադատել են հեղինակային իրավունքի կիրառումը ժամանակավոր սառեցնելու մտադրությունը: Այդ կառույցերը հայտարարել են, թե մտավոր սեփականության իրավունքի սառեցումն ինքնին չի ավելացնի վակցինայի արտադրությունը, քանի որ այն արդիական սարքավորումներ և այլ պայմաններ պահանջող բարդ տեխնոլոգիական գործընթաց է:
Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել ավելի քան 1 միլիարդ 210 միլիոն մարդ: