Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու առնչությամբ հարուցվել է քրգործ, հայտնում է Զոհրաբյանը

Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված հարուցվել է քրեկան գործ։

Զոհրաբյանը հիշեցնում է, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել:

Փաստաբանների պալատի նախագահն այսօր տեղեկացնում է՝ Գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել Է քրեական գործ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Դատախազության որոշման մեջ, ըստ Զոհրաբյանի, նշված է․ - «Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: 2018-ի Արմեն Սարգսյանի՝ նախագահ ընտրվելուց մեկ ամիս առաջ «Հետք» պարբերականը հրապարակեց բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա՝ նշելով, որ հրաժարվել է քաղաքացիությունից 2011-2012 թվականների ընթացքում: