90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր Հայաստանի 4-րդ նախագահ ընտրեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:
Նկատենք՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի նախագահը ընտրվեց ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:
«Հայաստանի Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը Հաշվիչ հանձնաժողովը պարզեց՝ քվեատուփում առկա էր 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 90, դեմ 10: Այսպիսով Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվում Արմեն Սարգսյանը, շնորհավորում ենք», - ասաց Հանրապետական խմբակցության քարտուղար, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Հայաստանի 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կարճ ելույթ ունեցավ՝ խոստանալով իր ողջ եռանդն ու փորձառությունը ներդնել Հայաստանի ժողովրդին ծառայելու համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմ քվեարկողներին և բոլոր դեմ քվեարկողներին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ երկար տարիների գիտելիքը, երկար տարիների փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, հանրապետության քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին։ Իհարկե ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մեր ժողովրդին՝ Արցախ, Հայաստան և Սփյուռք», - ասաց Սարգսյանը։
Նշենք, որ այսօր նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը դեռևս պաշտոնը չի ստանձի: Ինչպես ընտրություններից հետո հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում, երբ կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները։ Եվ քանի որ Սերժ Սարգսյանը նախագահի լիազորությունները վայր կդնի ապրիլի 9-ին, հետևաբար Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի հենց այդ օրը:
«Հանրապետականի ներսում կան ծպտյալ ելքականներ»
Վերադառնալով նախագահի ընտրությանը, նկատենք՝ քանի որ քվեարկությունը փակ գաղտնի էր, ապա պարզ չէ, թե ովքեր են բոլոր դեմ քվեարկող 10 պատգամավորները:
Խորհրդարանական խմբակցություններից միայն «Ելք»-ն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին։ «Ելք»-ից քվեարկությանը մասնակցել է 7 պատգամավոր, և քանի որ ընդդիմադիր դաշինքը պնդում է, որ 7-ն էլ դեմ են քվեարկել, ապա պարզ չէ, թե ովքեր են մյուս 3 պատգամավորները:
Ամեն դեպքում, քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ արձանագրված պատկերը ցույց է տալիս, որ Հանրապետականի ներսում կան «ծպտյալ ելքականներ»՝ այդ կերպ հակադարձելով Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե քանի որ նախագահի ընտրությունը փակ գաղտնի է, ապա հնարավոր է, որ «Ելք»-ի պատգամավորները նույնպես կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանին։
«Տիկնայք և պարոնայք, Հանրապետության նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք։ Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ Հանրապետականներ, այլ Հանրապետականների մեջ կան ծպտյալ ելքականներ», - ասաց Փաշինյանը։
Ի դեպ, Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության փորձը հաշվի առնելով, երբ «Ելք»-ը պնդում էր, թե ընդդիմադիր 7 պատգամավորներն էլ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին, սակայն նա ընդամենը 2 դեմ ձայն էր ստացել՝ այսօր ընդդիմադիր դաշինքը կանխարգելիչ քայլեր էր ձեռնարկել:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Ելք»-ից պատգամավոր Արամ Սարգսյանը, իրենք լուսանկարել են իրենք քվեարկած քվեաթերթիկները։
«Չէ, այլևս չենք վստահում էս հանձնաժողովին ու հեռախոսով նկարում ենք մեր քվեարկությունը։ Կհրապարակենք, եթե ինչ-որ բան այնպես չլինի», - ասաց Սարգսյանը։
«Քվեարկության գաղտնիությունն ապահովված չէ»
Ի դեպ, քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, թե քվեարկության գաղտնիությունն ապահովված չէ, և Հանրապետականները, տեսնելով, որ ընդդիմադիրներն իրենց քվեաթերթիկները նկարում են, օգտագործելով այդ ինֆորմացիան, կարող են որոշակի միջամտություններ անել:
«Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլ կարող են տեսնել՝ ես իմ քվեաթերթիկը նկարում եմ, թե՝ չեմ նկարում։ Եթե տեսնում եմ, օրինակ, որ յոթ-ութ հոգի քվեաթերթիկը նկարել է, ասենք, էդ դեպքում դա իրենց համար ինֆորմացիա է, եթե չեն նկարել, կարելի է մի քանի քվեաթերթիկ փոխել», - ասաց Փաշինյանը։
Հավելենք, որ ընդդիմադիր «Ելք»-ը շարունակում է կասկածի տակ դնել արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը՝ պահանջելով, որպեսզի նա Մեծ Բրիտանիայի իշխանություններից կողմից տեղեկանք ներկայացնի այն մասին, որ 2011 թվականի դեկտմեբրի 2-ից հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և հանդիսանում է միայն Հայաստանի քաղաքացի:
Ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը շեշտեց, թե քանի դեռ Արմեն Սարգսյանը այդ փաստաթուղթը չի ներկայացրել, ամբողջ կյանքում նրան այդ հարցը հետապնդելու է։
Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին 6 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդսացող անձը։
«Մենք էդպես լեգիտիմության խնդիր ունեցող նախագահներ արդեն երրորդն ենք տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա էլ Արմեն Սարգսյանին: Շատ-շատ կուզենամ, որ ինքը էդ տեղեկանքը ներկայացնի: Ես համարում եմ, որ դա ոչ միայն իրեն է պետք, դա նաև էս երկրին է պետք: Որ չլինի, որ մենք իսկապես թուղթ ու գիր արած ժողովուրդ ենք, նավս կա վրաներս, որ մեր նախագահները պիտի ոչ-լեգիտիմ լինեն»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչդեռ հակադարձում է՝ Արեմն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի, հակառակ դեպքում «այդքան վստահ չէր խոսի»: