Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ քաղաքացիության հետ կապված խնդիր չկա:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Մինչդեռ «Հետք» պարբերականը երեկ հրապարակեց բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
Այսօր խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո Հանրապետականի՝ Հայաստանի նախագահի թեկնածուն պարզաբանեց՝ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2011-ին, պարզապես տվյալները չեն թարմացվել:
«2000 թվականին, երբ որ ես ազատվեցի հրամանով հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի նորից առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիությունը 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին», - ասաց Սարգսյանը:
«Ես տասնյակ ընկերությունների, կազմակերպությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ՝ սկսած World Economic Forum-ից, Euro-Atlantic Council-ից, և այլն, և այլն, և էդտեղ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեն տվել, որ գնացել եմ, և էդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի», - նշեց Արմեն Սարգսյանը:
«Բայց ինչպե՞ս է փաստաթղթերում մնացել, ռեգիստրում ինչո՞ւ է մնացել 2014 թվականի», - «Ազատության» այս հարցին նա պատասխանեց․ - «Եթե հիմա ուրիշ ընկերություններ էլ նայեք, համաշխարհային, Դավոսը եթե նայեք, դուք էնտեղ կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք պատկերացնում եք, որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցին»:
«Ազատության» հարցին էլ, թե ինչո՞ւ հրաժարվեց Բրիտանիայի քաղաքացիությունից, Արմեն Սարգսյանը հակադարձեց․ - «Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչու վերցրեցի: Բացատրեմ՝ որովհետև իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որպեսզի ես և ճանապարհորդեմ, և տարբեր երկրներում լինեմ, և շատ գործնական, և նաև անվտանգության հազար ու մի խնդիր կար: Հրաժարվեցի, որովհետև դրա կարիքը այլևս չկար, ոչ թե որովհետև 2011-ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք, ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ պիտի դառնամ թեկնածու»:
Նկատենք՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո Սարգսյանը հակված չէր լրագրողների հարցերին պատասխանել: Այնուամենայնիվ, քաղաքացիության հետ կապված խնդրից բացի, լրագրողներին հաջողվեց ևս մեկ հարց ուղղել նրան, մասնավորապես՝ Հայաստանում կա՞ն քաղաքական բանտարկյալներ: Արմեն Սարգսյանը փորձում էր խուսափել հարցից, սակայն լրագրողները չընկրկեցին:
«Այդ հարցը, բոլոր հարցերը դուք կարող եք ուղարկել իմ գրասենյակ, որը ձեզ կպատասխանի», - ասաց նա, ինչին լրագրողներից մեկը արձագանքեց՝ «Դուք կանգնած եք էստեղ, ինչո՞ւ ուղարկենք գրասենյակ», մեկ ուրիշն էլ՝ «Դժվա՞ր հարց էր՝ կա՞ քաղբանտարկյալ, թե՞՝ ոչ»: Ապա Արմեն Սարգսյանը հայտարարեց․ - «Ես չգիտեմ՝ կա քաղբանտարկյալ, թե՝ ոչ: Ես գիտեմ՝ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից որպես քաղբանտարկյալ, ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները, և իմ տեսակետը՝ որ անպայման մեր երկրում քաղբանտարկյալներ այսօր կամ վաղը չպետք է լինեն: Բայց ով է որոշում քաղբանտարկյալը, դուք ինձ պետք է սովորեցնեք»:
Քաղբանտարկյալների առկայության հարցից բացի, լրագրողները Սարգսյանին մի շարք այլ հարցեր էլ ուղղեցին, մասնավորապես՝ թե ինչ է մտածում Անվտանգության խորհրդի կազմից նախագահին դուրս թողնելու, նախագահի ձեռքից ներման իրավունքը վերցնելու օրինագծերի մասին, թե որոնք են Հայաստանի երեք կարևորագույն խնդիրները, թե արդյոք հանդիպելու է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և այլն:
Այս հարցերն Արմեն Սարգսյանը անպատասխան թողեց, փոխարենը՝ արձագանքեց այն հարցին, թե իրեն վիրավորված չի՞ զգա, եթե նախագահ ընտրվելուց հետո Բաղրամյան 26-ում՝ ներկայիս նախագահական նստավայրում աշխատելու հնարավորություն չունենա: Նկատենք՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծով Բաղրամյան 26-ը կդառնա վարչապետի նստավայրը, իսկ հանրապետության նախագահին բաժին կհասնի Մաշտոցի 47 հասցեն:
Սարգսյանը վստահեցրեց՝ եթե առաջադրվի, ապա ցանկանում է լինել ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ՝ Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահը:
Ի դեպ, Հանրապետականի նախագահի թեկնածուն անպատասխան թողեց լրագրողների այն հարցադրումը, թե ինչպես է վերաբերվում, որ իր հետ կապված մամուլում տարբեր որակումներ են հնչում: Փոխարենը Արմեն Սարգսյանը փորձեց հումորով շարունակել իրեն ներկայացված պիտակների շարքը:
«Մասոն, այլմոլորակային, թեմփլիեր՝ ինչ ուզեք», - այսպես արձագանքեց Սարգսյանը լրագրողի այն դիտարկմանը, թե նրան անգամ КГБ-ի գործակալ համարեցին:
Նկատենք, ինչպես նախորդ հանդիպումներում, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն այսօր էլ կրկին լրագրողներին հորդորեց պահել էթիկան, կազմակերպվել: Իհարկե նաև գովեց չորրորդ իշխանության ներկայացուցիչներին, ասաց, թե շատ ճիշտ գործ են անում, ու նաև իր համար անսպասելի է լրագրողների մեծ քանակը, և շնորհակալ է, որ թեև դեռ նախագահի առաջադրված թեկնածու չէ , բայց իր հանդեպ նման մեծ հետաքրքրություն կա:
Վերադառնալով խորհրդարանում «Ելք»-ի հետ հանդիպմանը, նշենք, որ իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուն ասաց, թե բաց, պրոֆեսիոնալ քննարկում է ունեցել ընդդիմադիր պատգամավորների հետ և բավարարված է:
«Ես հստակ գիտեմ, որ «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու: Ես իհարկե հարգում եմ, իրենց որոշումն է, բայց դա չի նշանակում, որ եթե ես «եթե»-ներից հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու, ընդհակառակը», - ասաց Արմեն Սարգսյանը:
Ուշագրավ է, որ հանդիպումից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ պատմել հանդիպման մասին, ընդամենը թվարկեց, թե ինչ հարցեր են քննարկել Արմեն Սարգսյանի հետ:
«Թե ինչպես է վերաբերվում, մասնավորապես, ներման համակարգի փոփոխությանը, ընտրակաշառքների շուրջ խնդիրներով ենք հետաքրքրվել, իր տեղեկացվածության մակարդակից: «Մարտի 1»-ի հարցով ենք իր դիրքորոշումները ճշտել: Ես կոռեկտ չեմ համարում իր պատասխանները հրապարակելը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ «Ելք»-ի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, ապա մեկնեց Լեռնային Ղարաբաղ: