Երեք տարվա ընթացքում Արցախում առնվազն 6 հազար բնակարան է կառուցվելու՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Խանումյանի խոսքով՝ նման քանակի բնակարանները, սակայն, ամբողջովին չեն լուծում շուրջ 38 հազար տեղահանված արցախցների կամ մոտ 9.5 հազար ընտանիքների կարիքները։ Ուստի, իրականացվելու են բնակարանաշինության այլ ծրագրեր։
Հայկ Խանումյան․ - Պայմանագրերով, թե' Ստեփանակերտում, թե' շրջաններում ընդհանուր 3 հազար 500-ի չափ ընտանիք ապրում է վարձակալվող բնակարաններում՝ պետության հաշվին։ Տեղահանված 38 հազար բնակչից մոտավորապես 15 հազարը Արցախում են բնակվում և 23 հազարը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են դեռևս։ Բնակֆոնդի լուրջ խնդիր կա, և առաջիկայում նաև օրենսդրական որոշ փոփոխություններ ենք իրականացնելու՝ ավելի կտրուկ միջոցներով այդ խնդիրները լուծելու, խոսքը հատկապես ազատ բնակֆոնդի օգտագործմանն է վերաբերվում։ Ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Ասկերանի շրջանի գյուղերի մեծ մասում, Ասկերանի շրջկենտրոնում ազատ բնակֆոնդ այլևս չկա։ Բնակֆոնդի խնդիրներ կան նաև Մարտունիում, Մարտակերտի շրջանում և այլն։
«Ազատություն»․ - Այսինքն՝ որտեղ ազատ տներ կան, մարդիկ արդեն բնակեցված են։
Հայկ Խանումյան․ - Այո, մարդիկ բնակեցվել են։ Ստեփանակերտում բազմաթիվ հասարակական օբյեկտներ, խանութներ, նկուղներ, ավտոտնակներ արագ վերածվել են բնակֆոնդի, էս վիճակում ենք։
«Ազատություն»․ - Մարտի վերջին Երևանում կայացավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 110 միլիարդ դրամ է ուղղվելու Արցախում բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագրեր իրականացնելու համար։ Որքա՞ն բնակարան է կառուցվելու այս միջոցների հաշվին։
Հայկ Խանումյան․ - Նախատեսվում է, որ ընդհանուր 3 տարվա ընթացքում առնվազն 6 հազար բնակարան կկառուցվի։ Հույս ունեմ՝ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում մի քանի 100 բնակարան Ստեփանակերտում, որ դեռ պատերազմից առաջ էլ կառուցվում էին շենքերը, կավարտվեն և հարյուրավոր ընտանիքներ կտեղավորվեն, որը մի քիչ կթեթևացնի հոգսը, և հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում 2 հազար 500-ի կարգի բնակարան, թե՛ գյուղերում հիմնանորոգվող բնակֆոնդին է վերաբերվում, թե՛ Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 1000 հավաքովի տներն է վերաբերվում, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ձեր նշած 110 միլիարդ դրամի ծրագրին է վերաբերվում էս տարվա չափաբաժիններին, կկարողանանք տեղավորել և մյուս տարիներին, հաշվի առնելով շինարարության տեմպերը, ընթացքը, քնաի որ տենդերները հիմնադրամի կողմից նոր են սկսվել հայտարարվել և հիմնական շինարարությունը դեռևս առջևում է, տեղի կունենան։ Այս ամիսներին փոքրիկ ծրագրեր են արվել հրետակոծությունից տուժած բնակֆոնդը վերականգնելու, որոշակի չօգտագործվող, վատ վիճակում գտնվող բնակֆոնդ նորոգելու հետ կապված։ Հետևաբար այդ 110 միլիարդը մոտ 6 հազար տան մասին է խոսքը։
«Ազատություն»․ - Դուք ասացիք, որ 3 տարում 6 հազար տուն եք մտադիր կառուցել, եթե չեմ սխալվում, փաստորեն, 2023 թվականին այս ծրագիրը պետք է ավարտվի, և նշեցիք նաև, որ 38 հազար մարդ կորցրել է տունը պատերազմի հետևանքով։ Այս ծրագրով մենք կկարողանա՞նք 38 հազար հոգու խնդիրն ամբողջությամբ լուծել։
Հայկ Խանումյան․ - Չէ, բնական է ծրագիրը խնդիրը չի փակի, զուգահեռ ուրիշ ծրագրեր էլ պետք է իրականացվեն, դա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն են։ Մեծ հաշվով՝ 9 հազար 500 ընտանիք է կորցրել իր տունը, որոնք ապրում էին 7 հազարի կարգի տան մեջ։ Գյուղերում, գիտեք, շատ հաճախ ընտանքիները միասին են, մեծ տներում են ապրում և այլն, և ևս 2 հազար ընտանիք Արցախում բնակֆոնդի սուր խնդիր ուներ, դրանք տարբեր հերթացուցակներում գտնվող մարդիկ էին, այդ թվում՝ բանակի հերթացուցակում գտնվող զինվորականները։ Այսինքն՝ կարծում եմ, որ շինարարությունն առաջիկա տարիներին Արցախի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկն է լինելու։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև