Մատչելիության հղումներ

Պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան, ասում է Արցախի նախագահը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն է կայացել, և քննարկվել են Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

«Մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է, և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել», - կառավարության լրատվականի փոխանցմամբ` ասել է Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ բնակչության մեծ մասը, Արցախի մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում, և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:

«Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականների հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք», - ասել է Արցախի ղեկավարը:

Ըստ նրա` այս պարագայում գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է: Նա հավաստիացրել է` որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են:

«Ըստ մեր պլանների` պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք», - եզրափակել է Հարությունյանը:

XS
SM
MD
LG