Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու Փաշինյանի կողմից Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն նշանակված, ապա հեռացված Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Ընդդիմադիր երկու կուսակցություններում համոզված են՝ համատեղ ուժերով կարող են իրականություն դարձնել իրենց նպատակը։
«Որոշման կայացման համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև կապիտուլյանտին օր առաջ գահընկեց անելու հրամայականը: Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրողությունները` մենք կարծում ենք, որ «Հայրենիք» կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական համագործակցությունն ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար», - ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Արդյոք Փաշինյանի կողմից իշխանությունից հեռացված Հանրապետականին չի՞ կաշկանդում, որ Վանեցյանը գործող իշխանության մաս է կազմել, ու հենց նրա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն եղած ժամանակ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, այդ թվում` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մտերիմների նկատմամբ։
«Հանրապետական կուսակցությունը վերջինն է քաղաքական դերակատարներից, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցության հարցի խնդիրը, որովհետև Արթուր Վանեցյանի հետ անձամբ համագործակցել է և՛ առկա իշխանությունը, և՛ ընդդիմադիր դաշտի մի շարք ամենակարևոր կարկառուն հենասյուներ», - արձագանքեց Աշոտյանը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, վերադարձ անցյալին երբեք չի լինելու: Ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ անցյալին չլինի», - դեռևս մեկ տարի առաջ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել գործող ու նախկին իշխանություններից դժգոհ հասարակության հատվածին։ Ի՞նչ փոխվեց մեկ տարի անց, որ միավորեց ԱԱԾ նախկին տնօրենին ու ՀՀԿ-ին. Արթուր Վանեցյանը դեռ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ նախկին իշխանականների հետ ձևավորվելիք դաշինքի վերաբերյալ։ Հիմա և՛ ՀՀԿ-ից, և՛ «Հայրենիքից» վստահեցնում են՝ իրենց գաղափարական ընդհանրությունն է միավորել։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասում է. «Չկան գաղափարական հակասություններ կուսակցությունների գաղափարական ուղենիշներում ընկած, թիմերի մեջ կա աշխատանքային փորձ «Հայրենիքի փրկության շարժման» օրերից սկսված, և մենք տրամադրված ենք վճռական` այս ընտրական ցիկլի ընթացքում վերջ դնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Հայաստանում»:
Իսկ արդյոք Հանրապետականը քննարկե՞լ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում բացասական պատասխան տվեց, նաև խուսափեց պատասխանել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններին վերաբերող հարցին. «Ստիպված եմ լինելու արձագանքել մի հարաբերությունների, որոնց մասնակից չեմ: Այնպես չի, որ ես պատիվ ունեմ լինելու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր ընկերը, հետևաբար մեկնաբանել իրենց մարդկային հարաբերությունները համարում եմ անշնորհակալ գործ»:
Իսկ արդյոք 2018-ի հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած ՀՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է հաղթելո՞ւ նպատակով։ «Որպես հաղթանակ մենք դիտարկելու ենք այս կապիտուլյանտ իշխանություններին գահընկեց անելու ընտրական գործընթացը, եթե մտնում ենք այս գործընթացի մեջ։ Սա է լինելու մեզ համար հաղթանակը։ Մենք չենք խոսում տոկոսների, մանդատների, արդյունքների մասին», - արձագանքեց Արմեն Աշոտյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2018-ի խորհրդարանական ընտրություններին ստացել էր 59 հազար 83 ձայն՝ չապահովելով խորհրդարան անցելու համար սահմանված 5 տոկոս ձայների քանակը։
Գործող օրենսդրությամբ որպես դաշինք ՀՀԿ-ին ու «Հայրենիքին» անհրաժեշտ կլինի ավելի մեծ թվով՝ ընտրողների 7 տոկոս ձայները հավաքել՝ նոր Ազգային ժողովում հայտնվելու համար։
Դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե որ քաղաքական ուժերի հետ։ Մամուլը գրում է, որ Քոչարյանը Հայ հեղափոխական դաշնակցության հետ է մասնակցելու ընտրություններին։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց, որ դեռ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ. «Մենք հայտարարել ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին, ասել ենք` ինչ նպատակով ենք մասնակցելու այդ ընտրություններին: Կան բանակցություններ: Երբ որ կլինի վերջնական և ամբողջական, ու կլինի ակնհայտ, որ տեղի են ունենալու ընտրություններ, այդ մասին հանդես կգանք»:
Նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն ստացել էր 48 հազար 816 ձայն կամ ձայների 3,88 տոկոսը։