Մատչելիության հղումներ

Իշխող ուժը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը


Վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մայիսի 3-ին՝ ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում, այսօր հայտարարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընթացակարգերը պահպանելու համար ինքը երկու անգամ կառաջադրվի վարչապետի թեկնածու։

Այսօր արդեն «Իմ քայլից» հայտնեցին՝ իշխող ուժը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցնում են՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Նոր ընտրություններով իշխանությունները հույս ունեն լուծել պատերազմից հետո Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը։

«Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց, միևնույն ժամանակ հայտարարելով՝ այս ընթացքում շարունակելու է կատարել գործադիր ղեկավարի պարտականությունները։ Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունեց կառավարության հրաժարականը: Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

«Կարեն Կարապետյանը իրեն հռչակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այսօր իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանգրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար», - 2018-ի ապրիլի 25-ին հայտարարել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը նաև հղում անելով տարբեր ընդդիմադիր շրջանակներից պնդում են, թե Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող շարունակել պաշտոնավարումն որպես վարչապետի պաշտոնակատար։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ է այս տեսակետին, չնայած նույն խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դեռ միանշանակ կարծիք չունի այդ հարցի վերաբերյալ։

«Այս հարցը տևական ժամանակ, որ քննարկվում է, ասեմ, որ ծանոթացել եմ երկու կարծիքի հետ էլ։ Ըստ էության, իրավական և իրավաբանական համայնքը բաժանվել է երկու դաշտերի: Եթե կիսվել է, ուրեմն, այո, կա խնդիրներ, բայց դրա հետ մեկտեղ, թույլ տվեք առայժմ զերծ մնամ կտրուկ գնահատակներից», - նշեց Աբովյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն օրենսդրական դաշտում խնդիր չի տեսնում։ Հիշեցնում է՝ նախորդ ընտրությունների ժամանակ էլ, երբ խորհրդարանն արձակվեց, գործող վարչապետը շարունակեց պաշտոնավարել, ավելին, ասում է՝ չի հիշում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ վիճարկեր այդ հարցը։

«Էդ օրենք գրողները այսօր բողոքում են, որ մենք գրել ենք օրենքներ, որով ինչ ուզում անում է, այսօրվա իշխանությունը: Էդ օրենքները իրանք գրել էին, որ իրանք ինչ ուզեին անեին, ուղղակի տենց ա ստացվել, իրանք են ինչ ուզում անում, հիմա ի՞նչ են իրանք ուզում: Թող իրանք իրանց օրենքները տանեն ՍԴ-ում վիճարկեն: Էս իշխանությունը էդ օրենքները չփոխեց ինչ եկել ա՝ երեք տարի, դրա համար ասում ենք՝ երկուսն էլ պետք է հեռանան. նրանք գրողներն են, սրանք էլ էդ օրենքները շահագործողը, չարաշահողը: Հիմա Էդմոն Մարուքյանից ի՞նչ եք ուզում էդ հարցով, ոչ ես գրել եմ, որ էլ էդ պրակտիկան եմ հիմնադրել», - ասաց ԼՀԿ ղեկավարը:

Իշխող «Իմ քայլից», պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ևս հայտարարում է՝ Սահմանադրությամբ որևէ արգելք չկա Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պարտականություններն իրականացնելու հարցում։

«Ես չգիտեմ՝ ինչ իրավաբանների մասին է խոսքը եղել 18 թվականին, երկրորդ, 18 թվականին իրավիճակը մի փոքր այլ է եղել, և պետք է հաշվի առնել նաև այն կարևոր հանգամանքը, որ այս գործընթացը՝ վարչապետի հրաժարականը, ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ հրաժարական է, որն անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվի: Եվ իշխանության վակուումից խուսափելու համար, իհարկե, գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը», - ասաց Վարդանյանը:

Սպասվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։ Այս ընտրություններին քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Ազգային ժողովի նախագահն այսօր ստորագրել է Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը։

Ավելի վաղ այն չէր ստորագրվել նախագահի կողմից, բայց և չէր էլ ուղարկվել Սահմանադրական դատարան։ Արմեն Սարգսյանն իր քայլը հիմնավորել էր մի քանի պատճառով, այդ թվում, թե առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական ու քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։

Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճիշտ հակառակ գնահատականներն էին տվել օրենքի վերաբերյալ անցած շաբաթ հրապարակած համատեղ կարծիքում։

XS
SM
MD
LG