Մատչելիության հղումներ

Որոշ քաղաքական ուժեր, ըստ Լոռու մարզպետի, ընտրություններից առաջ ձայներ ստանալու անազնիվ մեթոդներ են կիրառում


Վախի մթնոլորտ առաջացնելով ու սուտ խոստումներով այլևս հնարավոր չէ ժողովրդի մոտ հաջողության հասնել, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Լոռու մարզպետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը՝ դիմելով մարզում գործող որոշ քաղաքական ուժերի, որոնք ընտրություններից առաջ, ըստ նրա, ձայներ ստանալու անազնիվ մեթոդներ են կիրառում։

«Փորձում են վախեցնել, փորձում են ինչ-որ խոստումներ տալ՝ տարբեր պաշտոններ կամ տարբեր առաջարկություններ, բայց դա իրենց մոտ չի ստացվի, ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում: Իշխանությունը գտնվում է ժողովրդի ձեռքին և երբեք ժողովրդից չեն կարող վերցնել իշխանությունը, թույլ չենք տա: Ես դեռ մեղմ եմ ասում սրա մասին», - նշեց մարզպետը:

Խաչատրյանը հրաժարվեց անուններ հնչեցնել, բայց շեշտեց՝ մարզի մի քանի համայնքներում, այդ թվում՝ մարզկենտրոն Վանաձորում նման դեպքեր արձանագրել է նախկին իշխանավորների կողմից. «Որոշ նախկին պաշտոնյաների և այլ շերտերի մասին է խոսքը, թույլ տվեք հիմա անուններ չտամ, իրենք արդեն շատ լավ գիտեն՝ ում մասին է խոսքը: Ես ուղղակի այդ մարդկանց բարեկամաբար և ընկերաբար խորհուրդ եմ տալիս, որովհետև մի քանի հոգի փորձեցին կարմիր գիծը անցնել և հիմա ուզում են հետ գալ, ես թույլ չեմ տալիս, չի ստացվելու այդ մարդկանց մոտ»:

Այս տարի նաև Լոռու մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում և Սպիտակում ղեկավարի ընտրություններ տեղի կունենան։ Սպիտակի գործող համայնքապետ Գագիկ Սահակյանն ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջել։ Նրա պաշտոնավարման ժամկետը մեկ ամսից կավարտվի։

«Հունիսի 8-ից մենք կունենանք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև կլինեն ընտրություններ, և Սպիտակի ժողովուրդը կորոշի, թե ով կլինի իր քաղաքապետը», - նշեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Վանաձորի համայնքի ղեկավարի ընտրություններին, Լոռու մարզպետն այս դեպքում ևս իշխող կուսակցության հավանական թեկնածուների անուններ չհրապարակեց։

Դեռ մեկ ամիս առաջ «Ազատությունը» տվյալներ ուներ, որ քննարկվում են Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի, «Արփի» տաքսի ծառայության սեփականատեր Մանվել Ոփյանի, ինչպես նաև նախկին փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի անունները։ Շրջանառվում էր նաև անցած տարեվերջից պաշտոնավարող մարզպետի անունը։ Արամ Խաչատրյանն այսօր, սակայն, հերքեց՝ կուսակցության ղեկավար շրջանակներում իր անունը մինչև այս պահը չի քննարկվել. «Անկեղծ պետք է ասեմ՝ մինչ այս պահը իմ թեկնածությունը թե՛ վարչությունում, թե՛ սիրողական մակարդակում չի քննարկվել»:

Բազմաթիվ անգամներ ինչպես կառավարությունը, այնպես էլ մարզպետարանները քննադատվել են աշխատակիցներին պարգևավճարներ տալու համար։ Պատերազմից հետո նաև Լոռու մարզպետարանում հայտարարեցին, որ պարգևավճարները դադարեցված են։ Նախընտրական այս շրջանում, սակայն, 3 ամսվա ընդմիջումից հետո, ամենամսյա պարգևավճարները մարզպետարանում վերականգնվել են։ Այսօր Լոռու մարզպետն արդարացնելով այդ քայլը, պնդեց՝ դրանք անհրաժեշտ են պետական աշխատողներին խրախուսելու համար։

«Սա ես նորմալ եմ համարում: Նախկինում եղել են դեպքեր, որ նույնիսկ իրենց աշխատավարձի քարտի երեսը չեն տեսել մարդիկ, բայց հիմա, քանի որ բոլորն են ազնիվ աշխատում, կարծում եմ, որ դրա կարիքը կա: Սա հնարավորություն է իր հերթին, որ գնահատման մշակույթ կարող է լինել, որ մենք լավ աշխատողներին կարողանանք պարգևատրել», - ասաց Լոռու մարզպետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG