Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը դատապարտող պաշտոնական հայտարարություններին, բողոքի ցույցերին զուգահեռ, Թուրքիայում այս օրերին վերլուծաբանների, սյունակագիրների, փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ կան։
Թուրքական մամուլը, ըստ էության, կրկնում է պաշտոնական տեսակետները։ Թուրքական աղբյուրներում ոչ մի տեղ չեք հանդիպի Ցեղասպանության փաստն ընդունող խոստովանություն։
Վերլուծաբանները հիմնականում անդրադառնում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառներին, հետևանքներին, Թուրքիայի հնարավոր պատասխաններին։
Անկարայում Ասիական և Խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների թուրքական կենտրոնի տնօրեն Սելլջուկ Չալակօղլուն, «Ռոյթերզ»-ի հետ զրույցում, ասել է, թե վերջին տարիներին նկատելի էր, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում համագործակցության մակարդակը նվազել է։
«Ես հիմա կոնկրետ քայլեր չեմ տեսնում, մյուս կողմից Թուրքիայի տնտեսությունը հիմա շատ թույլ է, և եթե Անկարայի և Վաշինգտոնի միջև քաղաքական լարվածությունը մեծանա, դա բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի ֆինանսական ոլորտի վրա», - ասել է նա։
Արտաքին քաղաքականության ինստիտուտի նախագահ Հուսեին Բախչին նշել է, որ խոսքը սիմետրիկ հարաբերությունների մասին չէ։ «Ամերիկան ՆԱՏՕ-ի տերն է, Ամերիկան աշխարհի թիվ մեկ գերտերությունն է և նրանք շատ ավելի պատժամիջոցների հնարավորություն ունեն, քանի Թուրքիան կարող է իրեն թույլ տալ։ Թուրքիան կարող է միայն հետ կանչել իր դեսպանին, փակել «Ինջիրլիք»-ի ռազմակայանը, որոշ միջոցների դիմել, բայց Ամերիկային ուժեղ արձագանքելու հնարավորություն չունի», - ասել է թուրք փորձագետը՝ նշելով, որ չնայած տարաձայնություններին ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը կշարունակվի․ - «Ամերիկացիներն անկասկած կաշխատեն Թուրքիայի և Թուրքիայի կառավարության հետ։ Սիրիայում, Միջերկրականում մենք ընդհանուր խնդիրներ ունենք։ Լեռնային Ղարաբաղում ամերիկացիներ կան, որ հիմա էլ աջակցում են Հայաստանին։ Այնպես որ օրվա մեջ կլինեն որոշ կոնֆլիկտային վայրեր, բայց օրվա վերջում համագործակցությունը կշարունակվի»։