Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կմեկնի Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը ներկա կլինեն նաև կազմակերպության դիտորդ երկրների՝ Կուբայի, Մոլդովայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, հրավիրված հյուրեր:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը տեղի կունենա այսօր, ընդլայնված կազմով նիստը` ուրբաթ օրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները:
Ակնկալվում է, որ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մաքսա-սակագնային համակարգված մոտեցումների մշակմանը` կապված որոշակի տեսակի գյուղատնտեսական ապրանքների արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական շուկայի պաշտպանության և բուսասանիտարական վերահսկողության միջոցառումների հետ:
Միջկառավարական խորհրդի այս նիստը 27-րդն է 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկից ի վեր, իսկ այս տարի՝ երկրորդը՝ նախորդը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Ալմաթիում: