Զելենսկին կոչ է արել արդիականացնել Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Financial Times-ում այսօր տպագրված հարցազրույցում ասել է, թե Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով 2015 թվականին ստորագրված Մինսկի համաձայնագիրն արդիականացնելու կարիք կա։

Նրա խոսքով՝ Մինսկի գործընթացը պետք է ավելի ճկուն լինի։ Զելենսկին առաջարկել է կամ փոխել բանակցությունների ձևաչափը, որին մասնակցում են Ուկրաինան, Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ը, կամ ընդլայնել «Նորմանդական քառյակը»՝ հրավիրելով նաև ԱՄՆ-ին, Կանադային կամ Բրիտանիային։

«Նորմանդական քառյակում» ընդգրկված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։

Ուկրաինայի սահմանին կուտակված ռուսական զորքերի հետ քաշվելը Զելենսկին «փոքր հաղթանակ» է համարել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու հնարավորությանը, Զելենսկին ասել է, թե հանդիպման վայրն իր համար նշանակություն չունի։ Ավելի վաղ նա առաջարկել էր հանդիպել Դոնբասում, իսկ Պուտինը հանդիպման վայր էր առաջարկել Մոսկվան։