Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց հրաժարական տալու մասին` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
«Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժող համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու», - ասաց նա` հայտարարելով, որ մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ իշխող խմբակցությունն էլ վարչապետ չի ընտրի: Այդ դեպքում արդեն Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները. «Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով»:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, խորհրդարանական 2` ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ հանդիպումներից հետո հայտարարել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Այսօրվա ուղերձում Փաշինյանն ասաց, որ անցյալի ու ներկայի վերաբերյալ իր գնահատականները տալու հերթը ժողովրդինն է, և այդ հնարավորությունն ստեղծելու համար են նախատեսվող ընտրությունները: Շեշտեց` «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, ինքը լինելու է վարչապետի թեկնածուն. «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»:
«Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր:
Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր` Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը: