Պաշտոնական Պրահան Չեխիայում աշխատող ռուս դիվանագետների թիվը սահմանափակեց 7-ով, տեխնիկական անձնակազմն էլ՝ 25-ով։ Այսպիսով, արտասահմանում Ռուսաստանի ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի՝ Չեխիայում ռուսաստանյան դեսպանատան աշխատակիցների թիվը ավելի քան 100-ի փոխարեն կլինի ընդամենը 32:
Չեխիայի և Ռուսաստանի երբեմնի բարեկամական, գործընկերային հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած շաբաթ ծագած վերջին տասնամյակների ընթացքում թերևս ամենածանր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին։
Չեխիան Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրում է իր երկրի տարածքում աննախադեպ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ։ Պաշտոնական Պրահան պնդում է, որ յոթ տարի առաջ Վրբետիցեի զինապահեստներում մեկը մյուսին հաջորդած, երկու մարդու մահվան պատճառ դարձած պայթյունների ետևում կանգնած է ռուսաստանյան ԳՌՈՒ-ն, որին արևմտյան հատուկ ծառայությունները մեղադրում են Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած «նովիչոկ» տեսակի քիմիական նյութով հարձակում իրականացնելու մեջ։
2018 թվականին Սոլսբերի քաղաքում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների սպանության փորձի մեջ մեղադրվող նույն անձինք՝ Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անձնագրեր ունեցող հայտնի ռուս գործակալների անուններն են շրջանառվում Չեխիայում տեղի ունեցած այդ պայթյունների իրականացման գործում, որի հետևանքով բացի երկու զոհից, փլուզվել էին մի քանի շենքեր, ոչնչացվել` 150 տոննա զինամթերք, այդ թվում` միջին հեռահարության հրթիռներ: Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։
Մինչդեռ ըստ չեխական աղբյուրների` Վրբետիցեի ռազմապահեստը ռուսաստանյան հատուկ ծառայությունների թիրախում էր հայտնվել, քանի որ պատրաստվում էր զինամթերք մատակարարել բուլղար մի գործարարի, որն էլ իր հերթին պետք է զենքն ուղարկեր Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինա։ Ի դեպ, զինապահեստների պայթյուններից հետո բուլղար գործարարը թունավորվել էր՝ ենթադրաբար «նովիչոկով»:
Արտաքին քաղաքական հարցերում ավանդաբար չեզոքություն դրսևորող Չեխիան, որի նախագահը, ի դեպ, հայտնի է ընդգծված ռուսամետ հայացքներով, Վրբետիցեի հարձակման հարցը պատրաստվում է քննարկման դնել մայիսի 7-ին կայանալիք Եվրամիության խորհրդի նիստում՝ ակնկալելով դաշնակիցների կոշտ արձագանքը, այս մասին այսօր հայտարարել է չեխական կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշը։ Ավելի վաղ Եվրամիությունն ու Հյուսիսատլանտյան դաշինքը խստորեն դատապարտել են Ռուսաստանի այդ գործողությունները Չեխիայում, իսկ մի շարք երկրներ էլ, ինչպես օրինակ` Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան ի նշան համերաշխության հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումների մասին։
«Ի նշան համերաշխության մեր չեխ դաշնակցին և Վիեննայի կոնվենցիայի խախտման կապակցությամբ, Լատվիան որոշում է կայացրել արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին։ Լատվիան չի հանդուրժի ինչպես իր տարածքում, այնպես էլ իր դաշնակիցների և գործընկերների տարածքում խարխլիչ գործունեություն»,- Թվիթերում գրել է Լիտվայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։
«Ռուսաստանի գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, խարխլում եվրոպական անվտանգությունը և կայունությունը, ինչը անընդունելի է»,- հայտարարել է պաշտոնական Տալլինը, որը հայրենիք է ուղարկել մեկ ռուս պաշտոնյայի։
Եվս երեք ռուս դիվանագետների էլ արտաքսել է Սլովակիան։
Վերջին` ընդամենը մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին` մի շարք երկրներ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Լեհաստանը, Բուլղարիան, Ուկրաինան արտաքսել են ընդհանուր առմամբ չորս տասնյակ ռուս դիվանագետների։ Մի շարք մայրաքաղաքներում պնդում են, որ վտարված ռուս պաշտոնյաները ոչ թե դիվանագետներ, այլ լրտես կամ հետախույզ են։
Մոսկվան կամ արդեն պատասխան քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվում է։ Այսօր մեկնաբանելով մերձբալթյան երկրներից ռուսաստանցի պաշտոնյաների տունդարձի մասին լուրերը` Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվայի պատասխանը չի ուշանա։
«Այդ երկրների իշխանությունները թող չկասկածեն՝ մենք կպատասխանենք։ Նրանց դիվանագետները արդեն կարող են գուշակել, թե իրենցից ով պետք է ճամպրուկը հավաքի»։