Պրահայի քաղաքային խորհուրդը Չեխիայի կառավարությանը կոչ է արել ռուսական կողմի հետ քննարկել Ռուսաստանի դեսպանատան տարածքի կրճատման հարցը, մասնավորապես քաղաքային իշխանություններին վերադարձնել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին մաս կազմող այգու հատվածը։
Չեխական մայրաքաղաքի ամենահայտնի այգիներից մեկի՝ Ստրոմովկայի մի մասը ռուսաստանյան դեսպանատան մաս է կազմում 1968 թվականից՝ Վարշավայի պայմանագրի ուժերի երկիր ներխուժումից հետո։
«Ռուսաստանի դաշնության կողմից Ստրոմովկայի հատվածի օկուպացիային 53 տարի անց վերջապես պետք է վերջ դրվի»,- Թվիթերում գրել է Պրահայի ավագանու անդամ Յան Չիժինսկին։ Այս նախաձեռնության մասին հայտնի է դառնում ռուս-չեխական դիվանագիտական սկանդալի ֆոնին։ Անցած շաբաթ օրը Չեխիայի իշխանությունները հայտարարեցին 2014 թվականին Պրահայից Վրբետիցե բնակավայրի մերձակայքում տեղակայված զինապահեստներում տեղի ունեցած պայթյուններին Ռուսաստանի հատուկ ծառայությունների հնարավոր մասնակցության մասին։