ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը Ադրբեջանի նախագահի սպառնալիքների առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ նամակում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը, Մարգարյանի խոսքով, սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ակնհայտորեն փաստում է, որ գլոբալ համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքի ուժով լուծելու փորձ էր։

Դեսպան Մարգարյանը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սնանկ են թե´ պատմության և թե´ միջազգային իրավունքի տեսանկյունից, և նման հռետորաբանությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների և քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։

«Հայաստանը դատապարտում է սադրիչ հռետորաբանությունը, ռասիստական գաղափարախոսությունը և ուժ կիրառելու սպառնալիքները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և վերահաստատում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում հանձնառությունների լիարժեք, անհապաղ և բարեխիղճ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և գերեվարված այլ անձանց ազատ արձակման առնչությամբ», - նշել է Մհեր Մարգարյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնենք, օրերս հայտարարեց, թե կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»: