Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի «սադրիչ և ագրեսիվ գործողությունները»


Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի «սադրիչ և ագրեսիվ գործողությունները», որոնք, ինչպես արտաքին գերատեսչությունն է նշում, նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել Արցախի քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։

Արտգործնախարարությունը նշում է՝ ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։

«Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։ Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը», - ասված է հայտարարությունում։

XS
SM
MD
LG