Պաշտոնական Բաքուն պնդում է, թե հայկական կողմը Սյունիքի ուղղությամբ սադրանքների է դիմել

Ադրբեջանցի սահմանապահներ Հայաստանի Սյունիքի մարզի հետ սահմանին, արխիվ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է, որ նախօրեին հայկական կողմը Սյունիքի ուղղությամբ մի շարք սադրանքներ է ձեռնարկել։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո՝ նույն օրը երեկոյան, հայ զինծառայողները գնդակոծել են Զանգելանի շրջանի Սեյիդլար գյուղում տեղակայված ադրբեջանցի սահմանապահներին, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումների՝ այդ ուղղությամբ տեղակայված ծառայողներին», - հաղորդում է ադրբեջանական գերատեսչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահներն ադրբեջանական կողմին փոխանցել են, որ արարքի հեղինակները «անսթափ վիճակում էին, և խնդրել են պատասխան քայլեր չձեռնարկել»։

Նույն օրը միջադեպ է տեղի ունեցել Շուռնուխի մերձակայքում, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, մի խումբ հայեր՝ 30-40 մեքենաներով, շարժվել են սահմանի ուղղությամբ՝ հակաադրբեջանական կարգախոսներ վանկարկելով։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նաև հայտարարում է, թե «նման սադրանքների կրկնության դեպքում ադրբեջանական կողմը կդիմի ամենակոշտ պատասխան քայլերի»։