Հայաստանի հարավում՝ Մեղրիում այսօր բնակիչները փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղեկցել են վանկարկումներով ու պահանջել հեռանալ Սյունիքից։
Չնայած սյունեցիների ընդվզմանն ու պահանջին՝ Փաշինյանը շարունակել է քայլարշավը Մեղրիի փողոցներով՝ ոստիկանների, հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Իրավիճակն ավելի է լարվել, քաշքշուկ սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։
Վարչապետի դեմ բողոքի ակցիաներն անհետևանք չմնացին։ Ժամեր անց՝ արդեն Կապանի մարզպետարանում վարչապետը իրավապահներին՝ հանրապետության ու մարզի ոստիկանապետերին հանձնարարեց զբաղվել այս միջադեպով։
«Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ փոքր խմբակ մարդկանց ուղղակի ստեղծ տպավորության, այսինքն անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, և ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության», - ասաց Փաշինյանը:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը վարչապետին զեկուցեց, որ քրեական գործ է հարուցել։
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ գրեց, թե Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ Թե ովքեր են այդ շրջանակները, խոսնակն անուններ չի նշել։
Բնակիչներին ոչ ոք չի ուղղորդել, ակցիաներն ինքնաբուխ են եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Մեղրի համայնապետ Մխիթար Զաքարյանը. «Մարդկանց թվում է, թե Մեղրու ազգաբնակչությունը էդ կարգի իներտ է, որ Ալիևն ասում է՝ պետք է գրավենք 101 տարի հետո պետք է վերադառնանք ու Զանգեզուրի միջանցքը վերցնենք, դա մարդկանց չի հետաքրքրելու հա՞, ես էլ էդ հարցը կարամ տամ»:
Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պահանջում են վարչապետի հրաժարականը։ Մի քանիսը նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ կուսակցության շարքերում են ու մասնակցելու են առաջիկա ընտրություններին։
Մեղրիի համայնքապետն ասում է՝ իրենք չեն ուղղորդել, մարդիկ հարցեր ունեին Փաշինյանին. «Մեր ժողովրդին մի թերագնահատեք, էլի, մեծ մասը պատերազմին մասնակցած, սահման պահած, պետք լինի էլի պահող մարդիկ են, զոհվածի հարազատ են, նախկինում հող ազատագրած զոհված ազատամարտիկի որդի են: Իրանք, բնական է, իրենց հարցադրումներն ունեն»:
Կապանում վարչապետին նաև բարևել են, զրուցել, նրա այցից ուրախացել։ Այս տեսանյութն էլ ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Փաշինյանի շրջայցը Սյունիքի մարզում շարունակվում է։ Նրա մեքենաների շարասյունը Սյունիք է շարժվել երեկ ուշ երեկոյան։ Այցի մասին նախապես չի հայտարարվել։ Մարդիկ ճանապարհներին նկատել են մեքենաներն ու կադրեր հրապարակել։
Պատերազմի ավարտից հետո սա Սյունիք մտնելու Փաշինյանի երկրորդ փորձն է։ Առաջինը դեկտեմբերին էր, Սիսիանից այն կողմ նա չկարողացավ անցնել։ Սիսիանի եկեղեցում քահանան վարչապետի պարզած ձեռքը օդում էր թողել, սյունեցիները փակել էին Գորիս տանող ճանապարհը, ինչից հետո Փաշինյանն ընդհատել էր այցն ու վերադարձել Երևան։