Չեխիան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործընկերներին կոչ է անում միասնական քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը լրագրողների հետ հանդիպմանը, 17-ը ապրիլի, 2021թ․

Պրահան կոչ է անում ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ անցկացնել Ռուսաստանի հարցով, իսկ չեխ պատգամավորները փոխհատուցում են պահանջում Կրեմլից` Վրբեցիտե ավանի ռազմական պահեստները պայթեցնելու համար:

Յոթ տարի առաջ օրը ցերեկով, ռազմական նշանակության ավանում անակնկալ պայթյուններ էին որոտացել, մի քանի շենք փլուզվել էր, երկու մարդ մահացել, ոչնչացվել էր 150 տոննա զինամթերք, այդ թվում`միջին հեռահարության հրթիռներ:

Կազմակերպիչների անուններն ու մանրամասները, սակայն, ջրի երես դուրս եկան միայն անցած շաբաթ`պայթուցիկ դնելով ռուս-չեխական հարաբերությունների տակ: Պաշտոնական Պրահան պնդում է, որ դիվերսիան իրականացրել են Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) առնվազն վեց աշխատակիցներ, այդ թվում`Սոլսբերիում Սկրիպալների թունավորմամբ հայտնի Պետրովն ու Բոշիրովը: Ավելին, չեխերը պարզել են, որ Պրահայում Ռուսաստանի դեսպանատան առնվազն 18 աշխատակիցներ իրականում ոչ թե դիվանագետ են, այլ հատուկ ծառայությունների գործակալ, և նրանց 48 ժամ են տվել երկրից հեռանալու համար:

«Որպես Չեխիայի Հանրապետության արտգործնախարար, ես որոշել եմ արտաքսել Ռուսաստանի դեսպանատան բոլոր այն աշխատակիցներին, որոնք, ըստ մեր հատուկ ծառայությունների, աշխատում են ռուսական հետախուզության համար», - հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Յան Համաչեկը:

Չեխական աղբյուրները պնդում են, որ Պրահայից երեք հարյուր կմ հեռավորության վրա գտնվող ռազմապահեստը ռուսական հատուկ ծառայութունների թիրախում էր հայտնվել, քանի որ պատրաստվում էր զինամթերք մատակարարել զենքի առևտրով զբաղվող բուլղար մի գործարարի` Եմիլիան Գեբրևին: Վերջինս, իր հերթին, ըստ լրատվամիջոցների, այդ զենքն ուղարկելու էր Ուկրաինա, որն այդ շրջանում թեժ հակամարտության մեջ էր ռուսների աջակցությունը վայելող անջատականների հետ: Այն, որ Կիևը բանակցել է զենքի մատակարարման շուրջ բուլղար գործարարի հետ, «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում հաստատել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` անանուն մնալու պայմանով: Ի դեպ, նույն այդ բուլղար գործարարը պայթյունից ամիսներ անց անակնկալ հայտնվել էր կոմայում, բժիշկները պարզել էին, որ նրան թունավորել են անհայտ քիմիական նյութով, ըստ երևույթին`նովիչոկով:

Մոսկվան կտրականապես հերքում է իր մասնակցությունը մեկը մյուսին հաջորդած այս միջադեպերին: Կրեմլի խոսնակն օրերս սադրիչ ու ոչ բարեկամական էր որակել Պրահայից հնչող հայտարարությունները, իսկ արտգործնախարարությունն ի պատասխան արտաքսել էր երկու տասնյակ չեխ դիվանագետների:

Արևմտյան մի խումբ լրատվամիջոցներ, այդ թվում գերմանական «Շպիգելը», չեխական «Ռեսպեկտը», ինչպես նաև հետաքննություններով հայտնի Belingcat կայքը, մինչդեռ, գտել են ճիշտ հակառակը վկայող մի շարք փաստեր: Բաց աղբյուրներից վերցրած տվյալները, այդ թվում ռուսների հեռախոսազանգերն ու սոցիալական ցանցերում`իրբև զբոսաշրջիկ հրապարակած լուսանկարները փաստում են, որ ռուս գործակալները գրեթե միաժամանակ եղել են Չեխիայում կամ հարևան երկրներում, պայթյունի օրը կամ դրանից մի քանի օր առաջ ուղևորվել դեպի Վրբետիցե, իսկ արդեն միջադեպից հետո հերթով հեռացել են երկրից:

«Սա միայն Չեխիայի խնդիրը չէ, մենք կոչ ենք անում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործընկերներին միասնական քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ», - երեկ հայտարարել է Յան Համաչեկը: Ակնկալվում է, որ ռազմական դաշինքն այս հարցը կքննարկի այս շաբաթվա ընթացքում․ - «Ես խնդրել եմ մեր դաշնակիցներին ու ընկերներին համերաշխություն հայտնել: Եվ ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ խոսել են այս առնչությամբ: Այդ հայտարարությունները մեզ ուժ են տալիս և քաջալերում, ինչպես նաև վկայում, որ Չեխիայի Հանրապետությունը միայնակ չէ, ունի դաշնակիցներ, և որ մենք կարող ենք միասնական լինել»:

Միևնույն ժամանակ, Չեխիայի խորհրդարանը հատուկ որոշմամբ դիմել է կառավաությանը`կոչ անելով փոխհատուցում պահանջել Ռուսաստանից պայթյունների հետևանքով հասցված վնասների համար: Ստորին պալատի պատգամավորները նաև առաջարկել են արգելել ռուսական ընկերությունների մասնակցությունը չեխական ատոմակայանի ու ռազմավարական մյուս ենթակառուցվածքների շինարարությանը, ինչպես նաև կրճատել Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների թիվը:

«Այդ հարցերը կան և մնում են մեր օրակարգում», - պատասխանելով պատգամավորներին՝ այսօր հայտարարել է կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշը: