ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամները դեմ ու ձեռնպահ են եղել, որ Ստրասբուրգում քննարկվի հայ ռազմագերիների հարցը  

ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության 12 անդամներից 5-ը դեմ, իսկ 7-ը ձեռնպահ են եղել, որպեսզի ապրիլի 19-22-ը կայանալիք խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվի հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական հրապարակումներից։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը գրեթե ամբողջությամբ նաև դեմ է եղել, որ վեհաժողովում քննարկվի Թուրքիայում ժողովրդավարության վիճակի հարցը՝ նման կերպ, փաստորեն, իր աջակցությունը հայտնելով պաշտոնական Անկարային։

Թե Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի պատվիրակության որևէ անդամ ինչո՞ւ կողմ չի արտահայտվել, որ Ստրասբուրգում քննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որոնց թիվը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, անցնում է հարյուրը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը քննարկել է խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ։

«Նա ինձ ասել է, որ, ըստ էության, իրենց մոտ կոմունիկացիոն խնդիր է եղել, և որ իրենք վերահաստատում են Ռուսաստանի և իրենց պատվիրակության դիրքորոշումն առ այն, որ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն անհապաղ և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նաև իմ գործընկերը ինձ ասել է, որ իրենք համապատասխան ելույթներով կվերահաստատեն իրենց այդ դիրքորոշումը», - փոխանցեց Ռուբինյանը։

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ հայ ռազմագերիների հարցի քննարկմանը, ռուսաստանյան պատվիրակության անդամներից զատ, դեմ են եղել ողջ ադրբեջանական պատվիրակությունը՝ 6 հոգի, քվեարկությանը մասնակցած Թուրքիայի ինը հոգանոց պատվիրակության 8 հոգին, մեկը կողմ է եղել՝ Ֆելեքնաս Ուջան, ով ազգությամբ եզդի է, Սերբիայի ու Հունգարիայի մեկական պատվիրակ՝ ընդհանուր առմամբ 21 դեմ, փոխարենը կողմ են քվեարկել 93-ը, ձեռնպահ՝ 18-ը։

«Սա նշանակում է հետևյալը․ որ այն, ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե մեր ռազմագերիները Ռուսաստանի համար առաջնահերթություն են, դա ամենևին էլ այդպես չէ։ Դրան տրվում են տարբեր բացատրություններ, որը մեծ հաշվով մեզ հետաքրքիր չէ, թե ինչը պատճառով ռուսները դեմ են մեր գերիների ազատությանը։ Պատճառները մեզ բացարձակապես չեն հետաքրքրում և չպետք է հետաքրքրեն», - ասաց Մեհրաբյանը։

Թե ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ինչ հարցեր պետք է քննարկվեն, որոշվել է երեկ։ Երկու խումբ հարցեր են եղել՝ հրատապ և ընթացիկ։ Հրատապ հարցերը երկուսն են «2021թ. հունվարին Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու կալանավորումը» և «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»։ Ընթացիկ հարցերը չորսն են՝ «COVID անձնագրերն ու վկայագրերը․ հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու իրավական հետևանքները», «Հայ ռազմագերիները, այլ գերեվարվածներն ու տեղահանված անձինք», «COVID-19 պատվաստումների վկայագրեր․ ինչպես պաշտպանել հանրային առողջությունն ու մարդու իրավունքները» և «Եվրոպայում խաղաղության ձգտման նկատմամբ ռուսական սպառնալիքը»։

Ռուսաստանի գրեթե ողջ պատվիրակությունը դեմ է եղել, որ ԵԽԽՎ-ում քննարկվի Թուրքիայում ժողովրդավարության հարցը

Ինչպես «Ազատությանը» մանրամասնեց Ռուբեն Ռուբինյանը, քվեարկվել են միայն այն հարցերը, որոնց վերաբերյալ առարկություն է եղել։ Հրատապ հարցերի խմբում առարկություն է եղել, որ ԵԽԽՎ-ում քննարկվի «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» հարցը։

Ուստի կայացել է քվեարկություն, որի արդյունքում՝ 87 կողմ, 32 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշվել է, որ հարցը քննարկվելու է խորհրդարանական վեհաժողովում։

Այս հարցի վերաբերյալ քվեարկությանը մասնակցած Հայաստանի պատվիրակության բոլոր չորս անդամները կողմ են արտահայտվել, ադրբեջանական պատվիրակության բոլոր հինգ անդամները՝ դեմ, թուրքական 12 հոգանոց պատվիրակության 8 անդամներ դեմ են արտահայտվել, 3-ը կողմ, մեկը ձեռնպահ։ Ուշագրավ է, որ Թուրքիայի հարցով քվեարկությանը մասնակցած Ռուսաստանի 14 հոգանոց պատվիրակությունից 13-ը դեմ են եղել, մեկը՝ Պյոտր Տոլստոյը, ձեռնպահ։

Ընթացիկ հարցերի փաթեթը դիտարկելիս ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը դեմ է արտահայտվել, որ վեհաժողովում քննարկվի հայ ռազմագերիների հարցը, ուստի այս փաթեթում էլ քվեարկության է դրվել միայն հայ ռազմագերիների հարցը։

«Գլխավոր նպատակը այս քննարկման միջազգային ճնշումը մեծացնել է Ադրբեջանի վար ռազմագերիների հարցով։ Մենք հետևողականորեն այս ուղղությամբ աշխատել ենք դեռևս նախորդ նստաշրջանից սկսած, ԵԽԽՎ տարբեր ֆորմատներով, կոմիտեներում», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նա հավելեց, որ քանի որ ԵԽԽՎ Միգրացիայի կոմիտեում արդեն իսկ զեկույց է պատրաստվում 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ, որը բանաձևի հիմք կդառնա, ուստի այս քննարկումների արդյունքում նախատեսված չէ բանաձև ընդունել։

Ալիևի հրաժարվելը՝ վերադարձնել հայ ռազմագերիներին, և Բաքվում օրերս բացված ռազմավարի պուրակը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանին հիմք են տվել երեկ վեհաժողովում Ադրբեջանի նախագահին համեմատել Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ։

«Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց: Խնդրում եմ մեկ րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ», - ասել է Մարուքյանը։