«Մեր տպավորությամբ այս նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակների նպատակը մեկն էր` ցույց տալ, թե իբր վերջ, հակամարտությունը վերջացել է, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, իսկ մեր նպատակն էր ցույց տալ, որ ո՛չ, կան կոնկրետ խնդիրներ, և Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության այն դրույթը, ըստ որի պիտի բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք անհապաղ փոխանակվեն», - ասում է Ռուբեն Ռուբինյանը:
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբինյանի խոսքով՝ Ստրասբուրգում իրենց առաջնահերթությունը եղել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը բարձրացնելը. «Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա բոլոր հնարավոր մակարդակներում` հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում, և կարծում եմ` դա մեզ հաջողվել է»:
Այնուհանդերձ, հայ ռազմագերիների հարցը լիագումար նիստում օրակարգի թեմա չի դարձել. մերժել է բյուրոն, փոխարենը, ըստ հայաստանյան պատվիրակության անդամների` նախընտրել են քննարկել կալանավորված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Նավալնիի հարցը։ Իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ երբ առաջարկում էին, կռահում էին, որ այդ հարցն է եվրոպացի պատվիրակների համար առաջնահերթություն, ու քիչ հավանական է, որ հայկական պատվիրակության առաջարկը ընդգրկվի նիստերի օրակարգ։
Ինչո՞ւ չհաջողվեց գերիների հարցը օրակարգային դարձնել, արդյոք կա պատվիրակության, մասնավորապես, այն ղեկավարող իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանի թերացումը։ Նախաձեռնությունը, ըստ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի` իրենն է եղել, կարծում է՝ արվել է հնարավորը. «Եթե չարվեր մեր նախաձեռնությունը, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին և կասեի, որ նման առաջարկ եմ արել, և չի արվել այդ նախաձեռնությունը, այսինքն` նույն քննարկումը, նույն դեբատը եղել է դահլիճում ելույթների տեսքով, նաև քաղաքական խմբերում այն մասին, որ բյուրոն պետք է այս որոշումն ընդուներ, քննարկեինք, չընդունեց, բայց էլի նույն բանը քննարկում էինք վերջին հաշվով, որովհետև մեկ է` մեր առաջարկի արդյունքում էլ վերջում փաստաթուղթ չէր ընդունվելու, ուղղակի լինելու էր քննարկում, հիմա այդ քննարկումը եղավ: Ի՞նչ էր մեզ պետք, քաղաքական խմբերի ղեկավարները պետք էր կոչ անեին, որ ռազմագերիները վերադարձվեն, կոչն արել են»:
Իշխանական «Իմ քայլից» պատվիրակության մեկ այլ անդամ՝ Հովհաննես Իգիթյանն էլ պատմեց, որ քննարկումներից մեկի ժամանակ ինքը զուգահեռներ է անցկացրել Նավալնիի ու հայ ռազմագերիների միջև. «Պարոն Մարուքյանի հետ նաև քաղաքական մասնաբյուրոյում` խմբում ենք մասնակցել: Մենք այնտեղ կատեգորիկ ենք դրել այդ հարցը, մենք դեմ չենք որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական մարդու ազատ արձակմանը, բայց ես այնտեղ ներկայացրեցի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է, և ընդ որում ինքն իր Ֆեյսբուքում նշել է, որ իր պայմաններն այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում էինք` այնտեղ կային հարյուրավոր երիտասարդ, իրենց պարտքը կատարող մարդիկ, որոնց ճակատագիրն անհայտ է»:
Լրագրողներն այսօր հետևողականորեն վեհաժողովում հայկական պատվիրակության ու դրա ղեկավարի աշխատանքի արդյունավետության մասին հարցեր էին ուղղում պատգամավորներին՝ մասնավորապես հիշեցնելով քննադատությունը, որ շոշափելի արդյունք չեղավ։ Իշխանական պատվիրակներից Վլադիմիր Վարդանյանն անուղղակի փորձեց պատասխանել. «Սա ռազմի դաշտ չէ, երբ որ հաջողությունը կարող է լինել ակներև, հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթհայթվում է փոքրիկ քայլերի միջոցով` ելույթ, զեկույց, բանաձև, այնուհետև այդ ամենը կարող է արտացոլվի, մասնավորապես, Եվրոպական դեատարանի որոշումներում»:
Եթե ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը պատվիրակության աշխատանքը քննադատելուց ձեռնպահ էր մնում, դիվանագետների հասցեին արտահայտվեց. «Ես գիտեմ այն, ինչ որ մենք արել ենք, ինձ հարցնում եք մեր արած բաները, ես ասում եմ: Հիմա, օրինակ, մեր դեսպանատները կարո՞ղ էին աշխատել յուրաքանչյուր ազգային պատվիրակության հետ Ստրասբուրգ գալուց առաջ, որ նրանք գային Ստրասբուրգ` իմանալով, որ ռազմագերիների հարց կա: Աշխատե՞լ են, ես այդ զգացողությունը չեմ ունեցել Ստրասբուրգում, այսինքն` ոնց որ այդ մարդկանց զրոյից մենք ինֆորմացնենք, թե ինչ է կատարվում»:
Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը հունվարի 25-ից 28-ն անցկացվեց: Բացառությամբ ԲՀԿ-ականների, հայկական պատվիրակության հիմնական ու փոխարինող բոլոր անդամներն էին այս անգամ մեկնել Ստրասբուրգ։ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը նախընտրել էին նիստերին առցանց մասնակցել։
Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, թե գնալը ճիշտ էր։ Ի դեպ, Զոհրաբյանն ու Մելքումյանը այսօրվա ասուլիսին չմասնակցեցին, պատվիրակության ղեկավար Ռուբինյանը պնդում էր՝ տեղեկացված եղել են։ Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ նպատակահարմար չեն համարել իշխանական պատգամավորների հետ ասուլիսի մասնակցելը։ Ասաց՝ իրենք հանրությանը ներկայացրել են իրենց աշխատանքը թե՛ նիստերի ընթացքում, թե՛ դրանց ավարտից հետո։
Եվ վերջում «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանին ուղիղ հարց տվեցին՝ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: «Այո, Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը», - պատասխանեց պատգամավորը: