Արմեն Սմբատյանի պաշտպանները ապօրինի են որակում նրա նկատմամբ քրեական հետապնդումը

Արմեն Սմբատյան, արխիվ

Վեց ամիս առաջ Արմեն Սմբատյանին առաջադրված մեղադրանքի մասին այսօր Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունն ինքնին վկայում է, որ «հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ», ի պատասխան Քննչական կոմիտեի այսօրվա հայտարարության՝ նշել են Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։ Նրանք համատեղ հայտարարություն են տարածել։

Ըստ պաշտպանների՝ ամենևին պատահական չէ, որ այդ հաղորդագրությունը համընկել է Արմեն Սմբատյանի կողմից աշխատանքից ազատման ցանկության մասին պետության ղեկավարությանը հայտնելու հանգամանքի հետ։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20 միլիոն դրամ գումարի չափով:

Պաշտպաններն այսօր ընդգծել են՝ դեռևս նախորդ տարի, հոկտեմբերի 15-ին է Սմբատյանին մեղադրանք առաջադրվել, այն ձևակերպմամբ, թե շուրջ 13 տարի առաջ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանը, ինչը դրսևորվել է այդ պաշտոնատար անձի գործողությունները չկանխելով, ապա օրինականացրել է իբր հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Նրանք նաև փաստել են՝ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանը արդեն հաստատել են այն պաշտոնատար անձին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայությունը, որին իբր անգործությամբ օժանդակել է դեսպան Արմեն Սմբատյանը։

«Այս անհեթեթ մեղադրանքը կապված է Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացած շենքի օտարման գործընթացի հետ։ Այդ գործընթացը, սակայն, հետապնդել է մեկ նպատակ` ներգրավել ներդրումներ վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը հիմնանորոգելու ուղղությամբ, և դա իրականացնել այնպես, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությունը հնարավորություն ունենա մշտապես իր գործունեությունը ծավալել այդ շենքում։ Արդյունքում, ներգրավված գումարներով շենքում իրականացվել են աննախադեպ հիմնանորոգման աշխատանքներ շենքի հիմքից սկսած, մինչև միջհարկային փայտյա բաժանարարների և տանիքի փոփոխում, ապա նաև կոսմետիկ վերանորոգում, ինչն իրականացվել է առանց շենքի պատմամշակութային արժեքին վնասելու», - ասված է հայտարարությունում։

Ըստ պաշտպանների՝ շենքի օտարման գործընթացը իրականացվել է բացառապես օրինական ու բաց գործարքների միջոցով, իսկ դեսպան Արմեն Սմբատյանը երբեք շենքի սեփականատեր ընկերության բաժնետեր չի հանդիսացել ու չի հանդիսանում, ուստի «ապօրինի» ծագում ունեցող գույքն օրինականացնելու մասով մեղադրանքը, նրանց կարծիքով, առհասարակ մեկնաբանման կարիք չունի։

Որպես հետգրություն, պաշտպանները նշել են․ - «Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը, որտեղ այսօր էլ գործունեություն է ծավալում «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությունը, առաջին տասնամյակը չէ, որ գտնվում է տարբեր ժամանակներում «կշիռ» ունեցող անձանց բիզնես-հետաքրքրությունների տեսադաշտում։ Իսկ թե ներկա պահին «կշիռ» ձեռք բերած ո՞ր անձն է աչք դրել այդ շենքի վրա, կարծում ենք պարզ կդառնա շատ մոտ ապագայում»։