Ես ինձ նորից պետք է գտնեմ այս աշխարհում, կյանքս շարունակեմ, ասում է պատերազմի հետևանքով տեսողությունը կորցրած Ալիկը

«Ես ոնց որ մահվանը հաղթեցի, եկա տուն։ Պատերազմից առաջ ես տեսողություն ունեի, բայց ավելի կույր էի, այսօր մթության մեջ կարծես, առավել տեսանելի է ամեն ինչ, ու ավելի լավ եմ ճանաչում աշխարհը», - ասում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 19-ամյա բնակիչ Ալիկ Բաղրամյանը, որ ռազմաճակատում հաղթել է մահին, բայց արկի պայթյունի հետևանքով կորցրել աչքի լույսը։

«Այն ժամանակ իմ աչքերը տեսել են, բայց ես համարյա կույր եմ եղել, հավատացել եմ ամեն ինչին: Ես հիմա չեմ տեսնում, ընդհանրապես ես մթություն եմ տեսնում սև, բայց ոնց որ 6-րդ զգայարան լինի, դրանով մարդկանց ճանաչեմ: Մարդիկ են եղել, որ իմ կողքն են եղել, բայց ես նրանց չեմ ճանաչել լիարժեք, հիմա եմ սկսել նրանց ճանաչել` ինձ շրջապատող մարդկանց, աշխարհն ընդհանուր», - պատմում է Ալիկը:

Աղդամում 5 օր անհաշիվ պայթյուններ են եղել շուրջբոլորը։ Իր տեսած վերջին ահարկու պայթյունը խլել է ջոկատի բոլոր զինակիցների կյանքը։ Իրեն վիճակված էր ապրել, լինել տառապանքներ կրած մոր կողքին, ասում է. «Ես ողջ մնացի, ականը հենց պայթել էր իմ դիմացը: Ես այդ ականից իմ վրա վերցրեցի բեկորներ, գլուխս բեկորների մեջ թաղվեց, աչքերս պայթեցին, ես կորցրի իմ աչքերը, իմ տեսողությունը, ու մարդ է եղել կողքս, ինքը էլ չկա, մահացել են բոլորը»:

Պատերազմի հետևանքով երկու աչքի տեսողությունը կորցրած երիտասարդը բացի հիվանդանոցում ցուցաբերված աջակցությունից, պետությունից այլ օգնություն չի ստացել։ Ասում է՝ անցած կես տարում երկու անգամ զանգել, ասել են՝ սպասեք։ Բայց այս թեմայով խոսելիս զգուշավոր է. եթե անգամ իր խնդիրները լուծվեն, արդյոք իր կարիքավոր հարևաններին չեն անտեսի։ Տնակային ավանը մեծ է, խնդիրներ ունեցողները, անգամ վիրավոր զինվորները՝ բազմաթիվ. «Ես միակը չեմ, տնակներով թաղամասներ էստեղ լիքը կան, շատ են, ու այդ վիրավոր զինվորներից էլ կան հենց այդ տնակներում ապրող»:

Ալիկի ծնողները մեկ տարեկան աղջկա հետ 88-ի երկրաշարժին մի ամբողջ օր մնացել են փլատակների տակ։ Հետո փորձել են հաղթահարել ամեն ինչ, բայց 13 տարի անց` Ալիկի ծնվելուց չորս ամիս առաջ, հայրը հանկարծամահ է եղել. «Ամուսինս 2001 թվականին մահացել է` փետրվարի 20-ին, հուլիսի 20-ին Ալիկս ծնվել է, հորը չի տեսել»:

Կինը երեք մանկահասակ երեխաների հետ դարձյալ դռնեդուռ է ընկել։ Վարձով ապրելու հնար չունեինք, ասում է։ Երկու տարի անց միայն քաղաքապետարանի կողմից տնակային ավանում մի փայտե տնակ են ստացել, ուր ապրում են մինչև այսօր. «2007-2008 թվին գրել եմ դիմումներ, որ ապահովեն գոնե, սոցիալապես անապահով եմ, ամուսինս մահացած»:

Արդեն երեք անգամ ժամանակը կիսվել է ընտանիքի համար՝ դժբախտությունից առաջ ու հետո։ Հերթական անգամ կյանքը վերնագրել են՝ պատերազմից առաջ ու պատերազմից հետո։

«Կուրությունն իմ ամենամեծ ծավը եղավ այս կյանքում, ես այսպիսի ցավ չէի տեսել երբեք իմ կյանքում», - ասում է 19-ամյա Ալիկ Բաղրամյանը:

18 տարի փայտե տնակում ապրած երիտասարդը երազանքներ ուներ՝ նկարիչ պիտի դառնար, հետո զինվորական կյանքի մասին է մտածել։ Բայց ասում է՝ ինչ էլ լիներ, շատ էր աշխատելու, այնքան շատ, որ ի վերջո տուն գներ ընտանիքի համար։ Հիմա ծրագրերը փոխվել են։ Ասում է՝ առաջին հերթին ձգտումները կապված են տեսողությունը որևէ հրաշքով վերականգնելու հետ. «Ուզում եմ հիմա հասկանալ` ինչ է կատարվում ինձ հետ, ինչ է կատարվում մեր ընտանիքի հետ, ինչ է կատարվում առհասարակ, դռնից դուրս ինչ է կատարվում: Ես ինձ նորից գտնեմ էլի այս կյանքում, ես ինձ նորից գտնեմ, բայց այս վիճակում, բայց ժամանակ է լինում, որ ասում եմ` չէ, ես պետք է նորից տեսնեմ, որ ես շարունակեմ ապրել: Չգիտեմ ոնց, բայց մի ձև պետք է տեսնեմ ու կյանքս շարունակեմ այնպես, ոնց որ ճիշտ է»:

Բայց տարակուսած է, մարդիկ իր նկատմամբ էլ նախկինի պես չեն։ Ոմանք խղճում են, մյուսները` նախընտրում չշփվել իր հետ։ Փոխանցում է՝ ինքն էլ բոլորի պես, գուցե ավելի լավ, մտածում է, կյանքի նպատակներ նշմարում, անելիքներ ու ապրելու նոր կերպ ծրագրում. «Մարդիկ կան, որ գալիս են, կարող է նստեն կողքս, բայց ինձ հետ չխոսեն, անգամ վախենում են իմ ձեռքը բռնել, մտածում են` ես ինչ-որ մի ուրիշ մարդ եմ, որ իջել եմ, օրինակ, ուրիշ մոլորակից, եկել եմ այս աշխարհ: Մտածում են` ես խեղճ եմ, երևի խղճահարությունն է, որ ասում են` ինչի մենք սենց ենք, այս տղան այսպես պիտի՞ լինի: Բայց մարդիկ կան, որ չեն ցանկանում իմ հետ շփվել, չգիտեմ ինչու, ես իրենց հետ շատ բարեհամբյուր, սիրալիր կամ ամեն ձևով լավ եմ եղել իրենց հանդեպ, բայց առաջ ինձ հետ շփվել են, հիմա չեն շփվում: Չգիտեմ` ինչու է այդպես, այդ մարդիկ են խեղճ իրականում, ոչ թե ես, ես խեղճ չեմ»:

Ասում է՝ անգամ իր հետ աշխատած հոգեբաններն են արձանագրել, որ ուժեղ, կայուն բնավորություն ունի, որի շնորհիվ կարող է նոր իրավիճակում վերագտնել իրեն։ Դեռ կրթության մասին չի մտածում, բայց համոզված է՝ հերթը դրան էլ կհասնի. «Մեր տան մթնոլորտն այն մթնոլորտն է, ինչ որ եղել է առաջ: Այնպիսի բան չկա, որ ես այս տան, օրինակ, մի առանձին մարդն եմ, որ ես կույր եմ, ինձ պետք է օգնություն, ինձ պետք է ուշադրություն, տենց բան չկա: Բաներ կան, որ ես եմ անում տանը, պետք չի, որ ամեն ինչ իրենք անեն: Հասարակ բան, օրինակ, զանգին ես կարամ պատասխանեմ, հեռախոսը վերցնեմ, զանգին պատասխանեմ, կամ ինչ-որ բան է պետք տեղափոխել տան մեջ, ես կարող եմ անել»: