Մատչելիության հղումներ

«20 տարվա կյանք ջնջեցին, անաստվածություն էր». որդեկորույս ծնողներին ոչինչ չի սփոփում


«20 տարվա կյանք են ջնջել, մեր տունը հիմնովին ավերվել ա», - ամբողջ տնով մեկ պատերազմում զոհված միակ որդու՝ Վահեի, ժպտացող լուսանկարներն են, ոչինչ չի սփոփում:

Վահե Ասատրյանը բանակ է զորակոչվել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից՝ պատերազմից ուղիղ երկու ամիս առաջ։ Մի մասն անցկացրել է համաճարակի կարանտինում, օգոստոսի 17-ից Հադրութի զորամասում է եղել։ Մեկ անգամ է հասցրել մասնակցել կրակային պատրաստության պարապմունքին ու պատերազմի առաջին օրն՝ ուղիղ առաջնագիծ։

«Պիտի իրանք պատասխան տան՝ և՛ զինվորականները, և՛ կառավարությունը, որ իրանք չհետևեցին», - ասում է մայրը:

Ո՞ւմ հրամանով ու ի՞նչ ակնկալիքով են 40 օրվա նորակոչիկին դիրքեր հանել, ադրբեջանական հրթիռների տակ կանգնեցրել։ Որդեկորույս ծնողների հարցերին պատասխանող չկա. «Անաստվածություն, որ զինվորը բանի պետք չէ, արժեք չունի: Ես տենց եմ պատկերացնում, որ շատ վատ վարվեցին էս ազգի հետ, հենց հայը հայի հետ՝ անտեր թողնելով էրեխեքին: Էդ մի կրակայինն է եղել իրանց: Չեն սովորեցրել, ոնց ասեմ, ոնց որ 10-րդ դասարանի երեխային զենք տաս, գնա խրամատ փորի կամ նստի եսիմ ինչեր անի»:

Պատերազմում զինվորին անտեր թողեցին, գնդի հրամանատարը մարտի դաշտից փախել, ասում է հայրը. «Պատերազմի առաջին օրը հենց Հադրութի գնդի հրամանատարն է փախել, ինչի՞ մասին է խոսքը»:

Պատերազմի օրերին որդուն տեսնելու համար Թովմաս Ասատրյանը մի քանի անգամ Արցախ է մեկնել։ «Սեփական աչքերով եմ տեսել քաոսը», - ասում է, - «եթե այդքան անկազմակերպ չլինեին, կորուստներն այսքան մեծ չէին լինի»։

«Չկազմակերպեցին, էս լրիվ պարտությունը անկազմակերպ, բարդակ վիճակից էր», - նշեց Ասատրյանը:

Հադրութի կորստից հետո որդին ծառայակից ընկերների հետ անտառներով, տասնյակ կիլոմետրեր, ոտքով կտրել-հասել է Մարտունի։ Ճարտարի դիրքերն են պահել, նոյեմբերի 4-ից նորակոչիկ Վահեին տեղափոխել են Շուշիի մատույցներ, որտեղ հակառակորդն արդեն Շուշիի համար էր թեժ մարտեր մղում։

«Հանել են Շուշի մարդիկ, երկու-երեք օր բոյերի մեջ, ամսի 6-ին զանգեց, թե շրջափակման մեջ ենք, մեր հրամանատարը զոհվել ա, անտեր վիճակ ա: Զինվորի թիկունքն էլ չեն պահել, զինվորը, որ պահել ա Քարին Տակի ճակատը, իրա հետևը չեն պահել, դրա համար թուրքը ձորով հելել դեմը կտրել ա, տենց ընկել են շրջափակման մեջ», - ներկայացրեց հայրը:

Վահեն հակառակորդի հրթիռներին ու «Բայրաքթար»-ներին դիմադրել է մինչև պատերազմի ավարտը։ Նոյեմբերի 7-ին վիրավորվել է Քարին Տակում։ Հայրը նույն գիշեր խոսել է որդու հետ, խորհուրդ տվել պատսպարվել անտառում՝ հույս ունենալով կրակը կկանգնի, ինքն էլ կգնա որդու հետևից. «Ասի՝ Վահե ջան, իրար չգաս, մինչև լույսը բացվի, տենանք՝ որ ձորում ես, բա՝ «մենակ չեմ, վիրավոր եմ հետս շալակած բերում», ինքն էլ էլի վիրավոր ձեռքից»:

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը Թովմաս Ասատրյանին հույս է ներշնչել, որ նույն օրվանից էլ զինվորներին դուրս կբերեն արդեն Ադրբեջանին անցած տարածքներից, իր որդին էլ կփրկվի։ Երկու օր թակել է Արցախի պատասխանատու կառույցների դռները, բայց անօգուտ։ «Ներքին գործերին եմ դիմել, կառավարություն ենք դիմել, բա՝ «պիտի սպասեք, մինչև ռուսը չգա, Կարմիր խաչը չգա, մենք չենք կարա մտնենք էդ տարածք»: Գիտեին, որ վիրավոր է, ասի՝ կարող ա ուժասպառ են եղել, ձորի մեջ են, անտառների մեջ են, մտնենք հանենք էրեխեքին, փրկենք ու հետո պարզվեց շատ-շատերը կային, ինչքան ծնողներ հավաքվան ամսի 10-ին, դռներն էինք ջարդում, բայց կառավարությունը ոչ մի բան չէր անում: Բա դուք զորք եք տարել, հանեք բերք անտառից, թուրքը կարա մտնի խփի հատ-հատ, դու չե՞ս կարա քո զորքին հանես», - ասաց Ասատրյանը:

Մինչև պատերազմի ավարտը Վահեն դիմադրել է։ Զոհվել է հրադադարի հայտարարությունից երկու օր անց՝ դիպուկահարի կրակոցից։ Այդ օրը նա կդառնար 19 տարեկան։

«Ամսի 13-ին նոր ռուսն ու Կարմիր խաչը մտան: Առաջին օրը 140 հոգու հանեցին դիակ, ու իրա հետի վիրավորը: Զինադադարը եղել էր ամսի 9-ին, թող մտնեին հանեին, լիքը վիրավորներ խփեցին թուրքերը, լիքը շրջափակման մեջ էրեխեք կային՝ ոչ վիրավոր, սաղին հատ-հատ խփին, տեր չկանգնան զինվորին», - պատմեց հայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG