Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներն այսօր բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահի հետ

Ֆրանսիա - «Նորմանդյան քառյակի» պետությունների ղեկավարների ասուլիսը, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ ի նշան աջակցության Կիևին՝ կապված Ուկրաինայի սահմանի երկայնքով և Ղրիմի թերակղզում ռուսական զորքերի կուտակման շուրջ մտավախությունների հետ:

Ֆրանսիան տեղեկացրել է, որ Մակրոնը Զելենսկիին կընդունի Փարիզում, հետո երկու առաջնորդները խոսելու են Մերկելի հետ տեսակապի միջոցով:

«Ուկրաինայի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է», - հաղորդում է Մակրոնի գրասենյակը՝ հավելելով. - «Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են էսկալացիայից խուսափելուն և լարվածության թուլացմանը»:

Զելենսկին ասել է, որ Փարիզում քննարկումները կօգնեն պատրաստել «նորմանդյան ձևաչափով» բանակցությունները, որոնցում ներգրավված կլինեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, որպեսզի փորձեն լուծել հակամարտությունը: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են եղել հակամարտության լուծման հարցում: