Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն սատարում են Ուկրաինային


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, Բրյուսել, 13-ը ապրիլի, 2021թ.
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, Բրյուսել, 13-ը ապրիլի, 2021թ.

Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «հեռու մնալ Ղրիմից»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռախոսով զրուցել է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ և կոչ է արել նրան դիմել ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների թուլացմանն ուղղված քայլերի:

Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել որևէ երրորդ երկրի տարածքում և քննարկել միջազգային մի շարք հրատապ հարցեր, մասնավորապես` Իրանի միջուկային համաձայնությունը, սպառազենի կրճատումը և, իհարկե, Ուկրաինայի թեման:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքիի փոխանցմամբ` Բայդենը Պուտինի հետ զրույցում մտահգություն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ և բռնազավթած Ղրիմում ռուսական զորամիավորումների կուտակումների կապակցությամբ:

Վերջին շաբաթներին ստացվող տեղեկությունները վկայում են այն մասին, որ ռուսական կողմն աննախադեպ ծավալով ավելացնում է ռազմական ներկայությունն Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ:

Այդ է նշել ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, ով նախօրեին Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ և հավաստիացրել, որ Վաշինգտոնն առանց վերապահումների միանշանակ սատարում է Ուկրաինային Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների այս ժամանակաշրջանում:

«Միացյալ Նահանգները վճռականորեն արտահայտում է աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ես այսօր այստեղ դա ցանկանում եմ վերահաստատել Ուկրաինայի արտգործնախարարի ներկայությամբ: Եվ սա առավել կարևոր է այս օրերին, երբ Ռուսաստանը, դժբախտաբար, դիմում է սադրիչ քայլերի: Այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զինված ուժերի ամենամեծ կուտակումը 2014 թվականից ի վեր: Սա մտահոգում է ոչ միայն Ուկրաինային, այլև մեր դաշնակիցներին և գործընկերներին», - ասել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բրյուսելում Կուլեբայի հետ հանդիպման ընթացքում Ուկրաինային սատարելու մասին է խոսել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Վերջին շաբաթներին Ռուսաստանն Ուկրաինայի սահմաններին է մոտեցրել Ղրիմը զավթելուց հետո ամենահզոր զորախումբը», - ասել է Ստոլտենբերգը:

«Անհրաժեշտ է ձեռնարկել Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունները զսպելու քայլեր, դրանց թվում կարող են լինել, ինչպես գլխավոր քարտուղարը նշեց, նոր պատժամիջոցները, դա կլինի Ուկրաինայի պաշտպանունակությունը խթանելու ուղիղ միջոց», - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:

Մինչդեռ ռուսական կողմը պնդում է, թե վիճակը սրում են Ուկրաինան և Արևմուտքը: Մոսկվան ասում է, որ ի պատասխան ՆԱՏՕ-ի ագրեսիվ կեցվածքի է հզորացնում զորամիավոումները Սև ծովում և Դաշնության եվրոպական մասում։

«Այս օրերին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի մոտակայքում տեղակայում է շուրջ 40 հազար զինծառայող և մինչև15 հազար միավոր ռազմական տեխնիկա», -ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը սադրանք է անվանել Միացյալ Նահանգների ռազմանավերի մուտքը Սև ծով և հնչեցրել է այս սպառնալիքը․ - «Հեռու մնացեք Ղրիմից, ձեր իսկ շահից է բխում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG