Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ

Մի խումբ քաղաքացիներ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով այսօր բողոքի ակցիա իրականացրին Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցները միջազգային հանրությունից գերիներին ազատ արձակելու հարցում գործուն քայլեր են պահանջում․ - «Հավաքվել ենք և հավաքվում ենք աշխարհի տարբեր երկրներում՝ պահանջելով գործնական քայլեր աշխարհի տերությունների ղեկավարներից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից գործնական քայլեր՝ անհապաղ վերադարձնելու մեր հայրենակիցներին»։

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նամակ ընթերցվեց, որտեղ մատնանշվեց՝ միջազգային հանրությունը «պատշաճ չի գնահատում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները»․ - «Այս պատերազմական հանցագործությունները չեն արժանանում միջազգային հանրության պատշաճ գնահատականի և պատժի, ինչի արդյունքում Ադրբեջանի կառավարությունը շարունակում է ռազմատենչ, հակահայ քարոզը, այդ թվում՝ պետական մակարդակով ցուցադրելով պատերազմով հայկական կողմից վերցրած ռազմական ավարը և հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելու տեսարանները»։

«Մեր պահանջը մարդկային ու բարոյական է», - ասում է հավաքվածներից մեկը. - «Խնդրում ենք միջազգային բոլոր կազմակերպություններից, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում, այնպես էլ պատերազմի ընթացքում բոլոր գերեվարված անձանց հետ վերադարձնել իրենց հայրենիք»։

Ակցիայի մեկ այլ մասնակից ձեռնաշթղաներ ամրացրեց գրասենյակի ճաղավանդակին՝ պարզաբանելով, թե դա խորհրդանշում է ձերբակալված մարդկանց․ - «Ուղղակի որպես խորհրդանիշ կախեցինք սա իրենց դարպասներին, որ հիշեն, չմոռանան։ Բանալիները մենք թողել ենք, կարող են հանեն, պահեն իրենց մոտ։ Բայց շատ կարևոր է, որ հիշեն։ Երևի իրենք տեղյակ են, բայց մի անգամ մենք բարձրաձայնենք մեր ձայնը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուղղակի որպես մարդիկ Երկիր մոլորակի»։

Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակից ցուցարարները երթով շարժվեցին Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ նույնպես նամակ ընթերցվեց։

Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ցույցեր այսօր անցկացվեցին աշխարհի մի շարք քաղաքներում՝ Ժնևում, Հռոմում, Բեռլինում, Փարիզում։ Ավելի ուշ ակցիաներ կանցկացվեն նաև ԱՄՆ-ում և Կանադայում։

Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ցույցեր այսօր նախատեսված են աշխարհի մի շարք քաղաքներում։

Ընդհանուր առմամբ, մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի տարբեր տվյալներով, այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։