Իտալիայի դեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ՝ բողոքելու Դրագիի հայտարարության առնչությամբ

Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիան արտգործնախարարություն է կանչել Իտալիայի դեսպանին՝ իր բողոքն արտահայտելու նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունների առնչությամբ։

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ընդունելությանը Թուրքիայի նախագահական նստավայրում, որի ընթացքում տիկնոջ համար աթոռ չէր տեղադրվել, Դրագին հրապարակավ Էրդողանին բռնապետ էր որակել։ «Ինձ համար շատ տհաճ էր տեսնել այն նվաստացումը, որին ենթարկվել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը», - ասել էր Իտալիայի վարչապետը՝ հավելելով․ - «Նման բռնապետների հետ շփումներում պետք է անթաքույց խոսել տարաձայնությունների մասին, միաժամանակ՝ պատրաստ լինել համագործակցության՝ հանուն երկրի շահերի»։

Թուրքիայի արտգործնախարարությունը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պահանջել է, որ Դրագին անմիջապես հերքի իր «լկտի և տգեղ արտահայտությունները»։