Մուրադովը հայտարարում է՝ գերիների վերադարձի հարց նախատեսված չի եղել, ինքը աշխատանքային այցով էր Բաքվում

Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, արխիվ

Գերիների վերադարձի հարց երեկ նախատեսված չի եղել, ինքը սովորական աշխատանքային այցով էր Բաքվում, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, այսպես է արձագանքել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից ժամանած դատարկ օդանավի վերաբերյալ հարցին:

Իսկ նախապես տարածված տեղեկությունները, թե Ադրբեջանից օդանավով Հայաստան է վերադառնում է գերիների խումբ, Մուրադովը որակել է կեղծ պրովոկացիա և բնակչությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ:

Մինչդեռ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Փաշինյանի Մոսկվա այցից հետո գերիների հարցով եղել է պայմանավորվածություն, որը սակայն խախտվել է:

Պատճառների մասին Քոչարյանը չի խոսում, սակայն ակնարկում է. «Դուք չնկատեցի՞ք, որ գերիների վերադարձի հարցն անմիջապես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումից հետո: Դրանից առաջ, որ մյուս օրը պետք է գերիները վերադարձվեն, այդպիսի խնդիր չէր երևում: Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնի այդ խնդրի լուծմանը, դրանով է պայմանավորված, որ պարոն գեներալ-լեյտենանտ Մուրադովը՝ Ռուսաստանի հերոս, գնացել էր, որ գերիներին ուղեկցեր Հայաստան: Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանություններն էլ պետք է մասնակից լինեն այս խնդրի լուծմանը՝ բարի կամքով: Գուցե ցանկություն կա, որ պարոն Պուտինը և Էրդողանը իրար հետ մի հատ էլ խոսեն, չե՞ք տեսնում դա»:

Ավելի ուշ ԱԺ փոխնախագահ, իմ քայլական Ալեն Սիմոնյանը «Ազատության» տաղավարում խմբագրում է գործընկերոջն ու ասում՝ գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, և Անդրանիկ Քոչարյանը նկատի է ունեցել նոյեմբերի 9 -ի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մուրադովի արձագանքին ևս իշխանական պատգամավորը ծանոթ է և հակադարձում է. «Թե՛ պարոն Մուրադովը, թե՛ մենք պետք է զբաղվենք ընդամենը մի բանով՝ ամսի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի և երկու պետությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի 8-րդ կետի իրագործումը, որը մինչ օրս տեղի չի ունեցել, և թե՛ ես, թե՛ պարոն Մուրադովը պետք է զբաղվենք միայն դրանով»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գերիների վերադարձի չկայանալը համարում է իշխանությունների հերթական ձախողումը։

«Փորձեցին այդ թեմայով PR անել, որը թարս բան ստացվեց, և պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ, ովքեր ակնկալում են, որ ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ ծնողները, հարազատները, բարեկամները, ինչ վիճակում են հայտնվել: Ես կարծում եմ՝ անգամ եթե սպասել են, որ պետք է ռազմագերիներ վերադարձվեն, ինքնաթիռը, երբ որ այնտեղից դուրս է գալիս, մենք իմանում ենք՝ քանի մարդ է գալիս, հայկական ծառայություններն իմանում են, հիմա եթե գիտեին, որ նման բան չկա, իսկ ես վստահ եմ, որ գիտեին, նման տեղեկատվություն տալ և մեր հանրությանը նման ձևով սթրեսի մեջ գցել, սա վիրավորական էլ է, էլի: Սա հերթական փնթի, ապաշնորհ պահվածքի արդյունք է, որը նաև համատեղվում է նման տրագեդիայի վրա PR անելով», - նշեց Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասում է՝ ինքը ևս տեղեկություններ է ունեցել մոտ 20-22 ռազմագերու վերադարձի մասին, սակայն հրապարակումներ չի արել այդ մասին։ Ցավ է հայտնում, որ նման զսպվածություն չեն ցուցաբերել իր իշխանական գործընկերները, որի հետևանքով էլ երեկ նման սթրեսի ենթարկվեցին գերիների հարազատները։ Իսկ թե ինչո՞ւ գերիների վերադարձի մասին պայմանավրովածությունը չկատարվեց Զոհրաբյանը կարծում է, որ այս հարցին պետք է պատասխանեն միայն իշխանությունները:

«Զարհուրելին հերթական սուտը և հերթական ապտակը չէ Հայաստանի արժանապատվությանը, ինձ համար զարհուրելին այն է, երբ ես գիտեմ, որ որոշ ծնողների ասել էին, որ այսինչ ժամին եղեք օդանավակայանում: Ծնողները, ես գիտեմ, որ տներում սեղաններ էին գցել իրենց երեխաների համար, հագուստով, քաղցրավենիքով եկել էին օդանավակայան, նրանցից մի քանիսն ինձ ասում էին՝ չնայած մենք չգիտենք՝ մեր որդին կա, թե չէ, բայց հույս ունենք, որովհետև տեսանյութերում մեր որդին գերեվարված է: Մարդիկ տներում ուրախության սեղաններ էին գցել ու քաղցրավենիքներով գնացել էին օդանավակայան և ի՞նչ, օդանավը գալիս է դատարկ: Հիմա դուք ուզո՞ւմ եք ինչ համոզել, որ որևէ մեկը չգիտեր, որ պայմանավորվածություն է խախտվելու, անկեղծ ասած, սա դեռ երկար վերլուծելու խնդիր է, թե ինչպես այդպես եղավ», - նշեց Զոհրաբյանը:

Տեղի ունեցածի հետ կապված վարչապետի գրասենյակից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Մինչ այս պահը պաշտոնական կայքում ոչինչ չկա նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի և վարչապետ Փաշինյանի հանդիպման մասին։ Երևանում գտնվող Մուրադովը այս տեղեկությունը չէր հերքել, պարզապես հրաժարվել էր մեկնաբանել։