Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է չորեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ հանդիպման ժամանակ:
Փաշինյանը հայտնել է, որ Պուտինի հետ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները: «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել: Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին», - ասել է վարչապետը:
Քննարկման կարևորագույն հարցերից էր հայկական բանակի բարեփոխումը, որն իրականացվում է ՌԴ գործընկերների աջակցությամբ
«Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերի հետագա իրագործման մասին: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաև այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են», - նշել է Փաշինյանը` ավելացնելով, որ Պուտինի հետ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանի և մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
«Տեղյակ եք, որ պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարևորագույն հարցերից մեկը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք», - հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ ամփոփելով. - «Այնպես որ այսօրվա քննարկումը շատ արդյունավետ եմ համարում: Մեր քննարկումների օրակարգն այնքան լայն է, որ հնարավոր է ինչ-որ բան բաց թողնեմ, բայց հետագայում անպայման կանդրադառնամ դրանց: Մի բան ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»:
Պայմանավորվել են գերիների մասով իրականացնել է՛լ ավելի ինտենսիվ աշխատանքներ
Ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն Ռուսաստանի նախագահի հետ, և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են: Փաշինյանի խոսքով` ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել է՛լ ավելի ինտենսիվ աշխատանքներ:
Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը շուրջ 200 է, առայսօր հայրենիք է վերադարձվել 69 գերի։