Բաքուն կրկին պնդում է՝ եռակողմ հայտարարությունը չի տարածվում Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների վրա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի տարածվում Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների վրա, քանի որ նրանք ձերբակալվել են համաձայնությունից շաբաթներ անց։ «Դա տեղի է ունեցել սադրանքների և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում հայ զինծառայողների տեղակայելուց հետո, որի հետևանքով զոհվել է 4 ադրբեջանցի զինծառայող, քաղաքացիական մեկ անձ էլ՝ վիրավորվել», - երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը պնդել է՝ ըստ եռակողմ հայտարարության, հայ զինծառայողները պարտավոր էին առանց որևէ պայմանի դուրս գալ Ադրբեջանի տարածքից։ «Մինչդեռ մենք, ինչպես և նախկինում, տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է իր զորքերը տեղակայել ադրբեջանական հողերում», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով՝ Բաքուն այս մասին տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին և ընդգծել, որ անհրաժեշտ է այս հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել։

«Մենք տեսնում ենք, որ այսօր էլ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է սադրիչ, ապակառուցողական և ռևանշիստական հայտարարություններ անել, դա նշանակում է, որ այդ երկիրը մինչ օրս չի գիտակցել նոր իրողությունները», - պնդել է Բարյամովը, հավելելով՝ «որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի հայկական կողմի համար»։

«Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի հաստատմանը, սակայն եթե Ադրբեջանի տարածքում հետագայում տեղի ունենան ինչ-ինչ սադրանքներ, դրանք համարժեք պատասխան կստանան», - ասել է նախարարը։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը, որտեղ նշված է, թե ռուսական խաղաղապահները տեղակայվում են հայկական Զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, նշանակում է, որ Հայաստանի զինծառայողները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքից, ընդգծելով՝ խաղաղապահները հենց այդտեղ են տեղակայվել։

Երևանը, մինչդեռ, պնդում է, թե այս դրույթը վերաբերում է միայն Ղարաբաղի հարակից շրջաններին, և հղում անում եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի, ըստ որի՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

Բացի այս հարցում առկա տարաձայնություններից՝ Բաքուն հրապարակավ ներկայացնում է նաև մեկ այլ պահանջ՝ ականների վերաբերյալ։ «Հայաստանը հրաժարվում է տրամադրել մեզ ականապատման քարտեզները, ինչը վկայում է, որ հայկական կողմը մտադիր է առաջիկայում էլ շարունակել ռազմական հանցագործությունները», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։