Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազարանոց խմբաքանակը արդեն Հայաստանում է

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազարանոց խմբաքանակը, որն այսօր կանցնի մաքսազերծում, ինչից հետո կկիրառվի 7500 մարդու պատվաստման համար՝ յուրաքանչյուրին երկուական դեղաչափ։

Սա «Սպուտնիկի» առաջին համեմատաբար մեծ խմբաքանակն է, որ ստանում է Հայաստանը, մինչև այդ ստացվել է մոտ 2000 դեղաչափ 1000 մարդու համար, օգագործվել է բուժաշախտողների և որոշ խոցելի խմբի մարդկանց պատվաստման համար։

«Սպուտնիկ V»-ից բացի, Covax միջազգային նախաձեռնության միջոցով Հայաստանն արդեն ստացել է Astra Zeneca պատվաստանյութի 24 հազար չափաբաժին, որը դեռ չեն սկսել կիրառել։ Թեև նախկինում բացմից նշվել են պատվաստման ծրագրի մեկնարկի մոտավոր ժամկետներ, սակայն դրանք խախտվել են։

«Երկուշաբթի օրը մենք կհրավիրենք ասուլիս, և ես հանգամանալից կերպով կներկայացնեմ մեր առաջիկայում պատվաստման ամբողջ գործընթացին վերաբերող հարցերը», - ասում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հստակ չի հայտնում, թե մարտի 28-ին Հայաստան ներմուծված Astra Zeneca-ով պատվաստումների ծրագիրը ինչու դեռ չի մեկնարկել։ Նախկինում տարբեր պաշտոնյաների, այդ թվում նախարարի տված մեկնաբանություններից պարզ է, որ Առողջապահության նախարարության մասնագիտական խորհուրդը դեղամիջոցը հաստատել է, սակայն ամենայն հավանականությամբ դեռ քննարկվում է, թե որ տարիքային խմբի պարագայում պետք է այն կիրառվի, քանի որ որոշ եվրոպական երկրներում 30-ից կամ 60-ից ցածր մարդկանց խորհուրդ է տրվում օգտվել այլ դեղամիջոցից։

Բացի այդ, ինչպես ավելի վաղ նշել էր Ավանեսյանը, Հայաստանը սպասում է Եվրամիության, ինչպես նաև ԱՀԿ-ի վերջնական եզրահանգումներին դեղամիջոցի վերաբերյալ։

Մինչ նախարարությունը արդեն երկուշաբթի կհայտնի վերջնական որոշման մասին, Եվրոպական դեղագործական գործակալությունը ուսումնասիրություններից հետո եզրակացրել է, որ AstraZeneca-ի կիրառումը խիստ հազվադեպ դեպքերում կարող է խնդիրներ առաջացնել։ Մեծ Բրիտանիայում և Եվրամիության տարածքում AstraZeneca-ով պատվաստված մոտ 34 միլիոն մարդկանցից թրոմբոզի դեպքեր են արձանագրվել 169-ի մոտ։

Այս դեղամիջոցով պատվաստվել-չպատվաստվելու քննարկումների ֆոնին նախարարը հիշեցնում է, որ պանդեմիայով պայմանվորված այս պահին աշխարհում քովիդի դեմ պատվաստանյութերի լուրջ դեֆիցիտ կա․ - «Բոլոր պատվաստանյութերն էլ շատ փոքր խմբաքանակներով են վաճառվում երկրներին, և շատ բարդ է ձեռք բերելը»։

Պատվաստումների հարցը երեկ քննարկվել է նաև Փաշինյան - Պուտին հանդիպմանը։ Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ։ Փաշինյանի խոսքով, «Սպունիկի ադյունավետությունը արդեն ապացուցված է, և դեղամիջոցի կիրառումը Հայաստանի համար շատ կարևոր է», ուստի Հայաստանին հարկավոր է ավելի քան 1 միլիոն դեղաչափ։

Ռուսաստանի նախագահը դրական է արձագանքել․ - «Մեզ մոտ արտադրությունը ընդլայնվում է, խոսքը բավական մեծ ծավալի դեղամիջոցի արտադրության մասին է։Վվստահ եմ, որ կլուծենք այս խնդիրը։ Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների, մենք արտադրության ծավալները համապատասխանեցնում ենք երկրի ներքին կարիքներին։ Ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստվել»:

Եթե իսկապես հնարավոր դառնա գնել «Սպուտնիկ V»-ի ավելի քան 1 միլիոն դեղաչափ, ինչպես նշեց վարչապետը, տարիքային ո՞ր խմբի մարդկանց համար այն կկիրառվի, և որքա՞ն մարդ պետք է երկրում պատվաստված լինի, որ հնարավոր լինի կորանվիրուսի վտանգը մեծ մասամբ հաղթահարված համարել։ Այս հարցերին Հիվանդությայունների վերահսկման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը պատասխանեց․ - «Կա հստակ չափանիշ, որ պատվաստանյութը աշխատում է։ Այսինքն՝ կարող է կոլեկտիվ իմունիտետ ձևավորվել, եթե բնակչության առնվազն 70 տոկոսը պատվաստվում են»։

Սակայն, Սահակյանի խոսքով, այս պահին պատվաստման նման ցուցանիշի հասնելն անհնար է պատվաստանյութերի սակավությամբ պայմանավորված։ Այդ պատճառով Հայաստանը ձգտում է մինիմալի հասցնել կամ բացառել քովիդից մահվան դեմքերը՝ իր առջև նպատակ դնելով պատվաստել քրոնիկ հիվանդներին և 65-ն անց մարդկանց։